Համաշխարհային պատժամիջոցները շրջանցող Իրանի ֆինանսական գործառնությունները Հայաստանի տարածքով տեխնիկապես անհնար են` առանց երկրի ֆինանսական շուկայի վրա ազդելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների բաժնի ղեկավար Դանիել Ազատյանը` մեկնաբանելով Reuters-ի հրապարակումը: Մանրամասները նա խոստացել է ներկայացնել ԿԲ-ի անունից սպասվող հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Reuters-ը այսօրվա իր հրապարակման մեջ անդրադարձել է ՄԱԿ-ի փորձագիտական խմբի Իրանին վերաբերող հաշվետվությանը, որը զբաղվում է Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառման հսկողությամբ: Հաշվետվության մեջ ասվում է, որ Իրան անընդհատ միջոցներ է փնտրում ֆինանսական փոխանցումների սահմանափակման շրջանցման համար:
«Իրանի սահմանակից երկրներից մեկը տեղյակ է պահել խմբին` ֆինանսական նոր ինստիտուտների ստեղծման Իրանական կողմի դիմումի մասին»,-ասվում է հաշվետվության մեջ:
Այնուհետեւ ասվում է, որ դիմումը չի բավարարվել: ՄԱԿ-ի մի քանի դիվանագետներ, ովքեր ծանոթ են խմբի գործունեությանը, հաստատել են, որ չնշված պետությունը Հայաստանն է, որը Իրանի հետ արդեն ունի բանկային կապեր:
Որպես բանկ-գործընկեր շրջանառվում էին իրանական «Մելաթ» բանկի հայատանյան մասնաճյուղի, ինչպես նաեւ ACBA Credit Agricole բանկի անունները: Այնուհանդերձ ACBA-ի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը միանշանակ հերքել է այս տեղեկությունները, իսկ ինչ վերաբերում է «Mellat» -ին, ապա Հայաստանի ԿԲ-ն նշել է, որ վերջինս այս տարի հեռացվել է միջազգային SWIFT համակարգից եւ միջազգային փոխանցումներ իրականացնել չի կարող: