News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ծրագիրը գրավիչ է Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար, հատկապես այն մասով, որ այս կուսակցությունը հայտարարել է, որ լուծելու է փոքրամասնությունների ներկայացուցիչներին հուզող բոլոր խնդիրները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարեց «Վրացական երազանք» կուսակցության կողմից մեծամասնական կարգով Ախալքալակում առաջրված, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Նորիկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ազգային փոքրամասնությունները արդեն հոգնել են իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության արդեն 8-9 տարի չիրականացվող խոստումներից: Որպես օրինակ՝ կարապետյանը նշեց, որ երբ 2006թ. Ախալքալակից դուրս բերվեց ռուսական 62-րդ բազան, նախագահ Սահակաշվիլին խոստացավ աշխատատեղեր բացել, սակայն խոստումը մինչեւ օրս իրականություն չի դարձել:

Բացի այդ, ըստ Կարապետյանի, հայ համայնքը ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում է ապրում, եւ բազմաթիվ սպառնալիքների է արժանանում Վրաստանի ազգային անվտանգության կողմից: «Այժմ մենք չենք կարողանում ընտրական հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձինք գտնել: Մարդիկ ուրախությամբ համաձայնում են առաջարկին, բայց հաջորդ օրը հրաժարվում են Ոստիկանությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից ճնշման պատճառով»,- ասաց հայ թեկնածուն:

Ըստ Կարապետյանի՝ հայ համայնքի մեծամասնությունը քվեարկելու է ընդդիմադիր կուսակցության օգտին, որը նաեւ գյուղական համայնքների զարգացման ծրագիր ունի:

Կարապետյանը վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ անելու է ընտրատարածքի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավվման համար, այդպիսով կանխելով հայերի արտահոսքը Ջավախքից: «Ես մտադիր եմ ամեն ինչ անել այս ուղղությամբ, եւ ոչ թե ամեն ամիս մեքենաս նորով փոխարինել, ինչպես անում են հիմիկվա պատգամավորները: Վստահ եմ, որ «Վրացական երազանքը» ոչ միայն հայերի, այլեւ վրացիների աջակցությունը կունենա ընտրություններում»,-ասաց թեկնածուն:

Ինչ վերաբերում է վրացական մամուլում այն հրապարակումներին, թե «Ջավախք»-ը անջատողական կազմակերպություն է, ապա նա նշեց, որ դա պարզապես սեւ PR – է, ինչին հաճախ դիմում է իշխանությունը, մրցակիցներին շարքից հանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ