News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ռամիլ Սաֆարովի գործողություններից տուժած մեկ այլ հայ սպա Հայկ Մակուչյանը մտադիր է դիմել դատարան Հունգարիային իրավական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մակուչյանը՝ նշելով, որ այժմ խորհրդատվություն է անցկացնում իրավաբանների հետ, որպեսզի ճիշտ ձեւակերպի իր իրավական քայլերը։ «Հունգարիայի քայլը աններելի եմ համարում։ Եվրոպական ընտանիքի անդամ պետությունը իրավունք չուներ նման քայլ կատարելու։ Հունգարիան բազմիցս զգուշացվել է, որ Ադրբեջանում Սաֆարովը մարդասպան չի համարվում, նա այնտեղ հերոսացվում է»,- ասաց պարզապես երջանիկ պատահականությամբ Սաֆարովի զոհը չդարձած հայ սպան։

Ըստ նրա՝ ինքը, որպես տուժող կողմ մտադիր է միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկել Հունգարիային անպատասխանատու քայլի համար։ «Ես անպայման միջոցների դիմելու եմ, պարզապես այժմ իրավական հիմքերն եմ ուսումնասիրում»,- նշեց Մակուչյանը։

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Հայկ Մակուչյանը եւս մասնակից է եղել նույն ծրագրին։ Գուրգենին կացնահարած ադրբեջանցի Սաֆարովը պատրաստվել է սպանել նաեւ Հայկին, սակայն փորձը կանխվել է լիտվացի սպայի օգնությամբ։

Դատվարության ժամանակ Հայկ Մակուչյանը ճանաչվել է, որպես տուժող կողմ, ինչը իրավական հիմք կարող է հանդիսանալ նրա իրավունքները խախտողին, այս դեպքում հնարավոր է Հունգարիային, պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ Հունգարիայի մեղքով ազատ է արձակվել մարդասպան Ռամիլ Սաֆարովը։

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունք: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարել է Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի խզման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել