News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը կարող է Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ 3 մլրդ եվրո արժողությամբ գաղտնի գործարքի մաս լինել, գրում են հունգարական լրատվամիջոցները:

Մասնավորպես, երկրում առաջատար «World Economy Weekly» (HVG) պարբերականը հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը բազմիցս է դիմել Հունգարիայի իշխանություններին` ցմահ դատապարտված իր մարդասպանի արտահանձնման խնդրանքով, սակայն միշտ մերժում է ստացել: Հունգարիան իր մերժումը հիմնավորում էր նրանով, որ չունի բավարար հիմքեր վստահ լինելու, որ Ադրբեջանում Սաֆարովը կշարունակի կրել իր պատիժը:

«Ի՞նչն է ստիպել փոխել որոշումը»,-հարցադրում է անում հունգարական մամուլը: Պաշտոնատար անձինք ի պատասխան բազմանշանակ լռում են` վկայակոչելով երկու երկրների արդարադատության նախարարությունների միջեւ բանակցությունները, սակայն պատասխանը քիչ կապ ունի արդարադատության հետ, այլ բացառապես գտնվում է տնտեսական հարթությունում:

«Հունգարիան մերժում էր Սաֆարովի արտահնձնման մասին խնդրանքն այն պատճառով, որ նա կարող էր ներման արժանանալ Ադրբեջանում, եւ անհավանական է, որ Հունգարիայի արդարադատության նախարարությունն այդ մասին իրազեկված չլիներ»,-հայտարարել է արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Անդրաս Ռազսը: «Մենք ազատ արձակեցինք մարդասպանին, ով կացնահարել էր իր զոհին` արտահանձնելով ավտորիտար Ադրբեջանին, որտեղ նա ազգային հերոս է: Սա դժվար է բացատրել Արեւմուտքի հանրային կարծիքին»:

Այսպիսով, որո՞նք են իրական պառճառները, որ ստիպել են հունգարական իշխանություններին հրաժարվել արդարադատությունից: Մեկ շաբաթ առաջ` օգոստոսի 24-ին տեղի ուենցած իրադարձությունը որոշակի առումով բացահայտում է գաղտնիքը. Հունգարիայի պարտքերի կառավարման հարցերով կառավարական գործակալության տնօրեն Լասզլո Բորբելին առաջին անգամ բացահայտ խոսել էր այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստ է 3 մլն եվրոյով գնել հունգարական կառավարական պարտատոմսերը, ինչը կնվազեցնի հունգարական իշխանությունների կախվածությունը ԱՄՀ-ից:

Օգոստոսին 23-ին հունգարական «Népszabadság» ազդեցիկ պարբերականը «լավ լուր» էր հաղորդել այն մասին, որ «նավթի արտահանումից ադրբեջանական կառավարության հասույթը օգուտ կբերի հունգարական պետությանը»:

Համաձայն Հունգարիայի էկոնոմիկայի նախարարության աղբյուրի`ադրբեջանական իշխանությունները 2-3 մլրդ եվրոյով ձեռք կբերեն Հունգարիայի պետական պարտատոմսերը, ինչը կթուլացնի ԱՄՀ կողմից Հունգարիայի նկատմամբ ճնշումը:

Ավելի վաղ Հունգարիան փորձել էր ֆինանսական աջակցություն ստանալ Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից` ԱՄՀ եւ ԵՄ հետ բանակցություններում ավելի շատ անկախություն ունենալու համար, հաղորդում է Index պարբերականը: Սակայն հունգարական իշխանությունների ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, եւ ստիպված էին ֆինանսավորման նոր աղբյուրներ գտնել: Եւ այստեղ է, որ նրանց օգնության հասան «թուրք եղբայրները», ովքեր ստանձնեցին Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջնորդի դերը:

Թերթի պաշտոնական աղբյուրի տեղեկություններով, բանակցությունները տեւել են ամիսներ շարունակ` Թուրքիայի անուղղակի մասնակցությամբ: Այդուհանդերձ, օգոստոսի 2 –ին թուրքական պաշտոնական աղբյուրը «Ռոյթեր»-ին հաղորդել է, որ բանակցային գործընթացը դանդաղել է: Անկասկած, ադրբեջանական կողմին լրացուցիչ դիվիդենտներ էին անհրաժեշտ` 3 մլրդ եվրո դնելու համար, եւ հենց այդ դիվիդենտն էլ կարող էր լինել մարդասպանի ազատ արձակումը:

Փորձագետ Ռազսի խոսքով` եթե Սաֆարովի ազատ արձակումն այդ գործարքի մաս է եղել, ապա դա անկասկած կհանգեցնի միջազգային վականիշի կորստին, ինչպես նաեւ տնտեսական կորուստների` հունգարական պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության բացակայության հետ կապված: «Միայն մեկ բան կարող է կատարվածից ավելի վատ լինել. եթե այս ամենից հետո գործարքը, այնուամենայնիվ, կայանա»,-ավելացնում է հունգարացի փորձագետը:

Հնարավոր ֆինանսական գործարքի մասին վերջին մանրամասնը ճշտել է Բուդապեշտում Ադրբեջանի դեսպանատունը: Հունգարիայում Ադրբեջանի հյուպատոս Աման Իմանովը հայտարարել է, որ Սաֆարովի արտահանձնումից հետո Ադրբեջանի իշխանություններն  իրավունք ունեին վերանայելու դատարանի վճիռն իրենց հայեցողությամբ: «Ցանկացած ոք, ով հետեւում է  հունգարա-ադրբեջանական հարաբերություններին, կարող է նկատել, որ մեր համագործակցության ոլորտներն ընդլայնվել են, իսկ Հունգարիայի վարչապետը վերջերս երկու անգամ այցելել է Բաքու»,- բազմանշանակ ավելացրել է ադրբեջանցի դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ