News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ցմահ ազատազրկման ենթարկված հանցագործին ներում շնորհելը միանգամայն անընդունելի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան` մեկնաբանելով Հունգարիայի կողմից հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, որտեղ վերջինս, հայրենիք ժամանելուն պես ներման էր արժանացել:

Ռոշբլուայի խոսքով`ինքը տեղյակ է Հայաստանի նախագահի` հայ սպայի մարդասպանին Ադրբեջանին փոխանցած  Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշման մասին. «Դիվանագիտական տեսանկյունից Հայաստանի նախագահի որոշումը ճիշտ է: Հանցագործին ներելն անընդունելի է: Հետագայում դա երկու երկրների միջեւ բարդություններ կստեղծի»:

Պատասխանելով հարցին, թե ֆրանսիացի խորհրդարանականները ինչպես վերաբերվեցին այս իրադարձությանը, Ռոշբլուան նշեց, որ այն պատգամավորները, որոնց հայտնի է այս մասին, ամբողջովին կողմ են Հայաստանի դիրքորոշմանը: Նա նաեւ նշեց, որ առայժմ չի հաջողվել այդ թեմայով զրուցել պատգամավորների հետ:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսի 31-ի երեկոյան հրավիրված արտակարգ խորհրդակցության ընթացքում Հայաստանում հավատարմագրված  դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին հաղորդվել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու Հայաստանի որոշման մասին` հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին այդ երկրի կողմից Ադրբեջանին արտահանձնելու, եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս  ներում շնորհելու կապակցությամբ:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին: Հայ երկրորդ սպայի` Հայկ Մուկուչյանի սպանության փորձը ձախողվել էր: Սպաները հունգարական մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթացներ էին անցնում:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի որոշմամբ ոճրագործը ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Գազանաբարո սպանության պատճառը միայն Գուրգեն Մարգարյանի հայ լինելու հանգամանքն էր:

Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ էլ նախագահ Իլհամ Ալիեւը անհապաղ ներում շնորհեց ոճրագործին: Դաժան մարդասպանին Բաքվում դիմավորել են իբրեւ հերոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ