News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սփյուռքի նախարարությունը դիմել է աշխարհի հայերին` կոչ անելով բողոքի ակցիաներ սկսել ադրբեջանցի մարդասպանի արտահանձման դեմ: Հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,  Ավանդական հայկական կուսակցությունների, համահայկական կառույցների, երիտասարդական եւ կանանց կազմակերպությունների, մարդասիրական, մարզական, մշակութային եւ կրթական հաստատությունների ղեկավարներ, հայկական լրատվամիջոցների խմբագիրներ, պահն է ազգովի համախմբման, առիթն է արտառոց, քանի որ հերթական անգամ Հայաստանի պետության եւ հայ ժողովրդի թիկունքում` այն էլ 21-րդ դարում, դավ նյութվեց եւ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած ադրբեջանցի ենիչերն ազատ արձակվեց:

Ցավով ու վրդովմունքով ընդգծում ենք, որ դավի մի մասնակիցը եվրոպական ընտանիքի անդամ երկրի, իրենց զարգացած ու ժողովրդավարական պետություն համարող հունգարական իշխանություններն են, որոնք  գործարքի մեջ մտան Ադրբեջանի հետ եւ ոտնահարեցին եվրոպական արժեքներն ու օրենքները:

Այս քայլով Հունգարիան ոգեւորեց մարդակեր-հրեշներին, խրախուսեց ոճրագործներին, դուռ բացեց կրոնական եւ էթնիկ հողի վրա մարդասպանություններին եւ ապացուցեց, որ այսօր հունգարական իշխանությունները արժանի չեն Եվրոպայի հետ քայլելու, եվրոպական ընտանիքի անդամ կոչվելու: Եվ այս բոլորը տեղի է ունենում Եվրոպայի սրտում` ամբողջ մարդկության աչքի առջեւ:

Ադրբեջանի նախագահն էլ եվրոպական տարազ հագած, ֆեոդալական հոգեկերտվածքով` հավատարիմ իր տոտալիտար, սուլթանական էությանը, կատարեց հերթական անօրինական գործողությունը եւ «հրովարտակ» ստորագրելով ոճրագործին ազատություն շնորհեց:

Մենք վստահ ենք, որ աշխարհասփյուռ հայկական համայնքները միասնաբար իրենց  բողոքի ձայնը կբարձրացնեն, իրենց բոլոր կապերը, հնարավոր միջոցները կօգտագործեն.

զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպելու տվյալ երկրում գտնվող Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ,

պահանջելու իրենց բնակության երկրի իշխանություններից, պառլամենտականներից`

ա) ներազդելու Ադրբեջանի վրա, չեղյալ հայտարարելու ներման խայտառակ հրամանագիրը եւ հանցագործին վերադարձնելու իրեն արժանի խուցը,

բ) դատապարտելու Հունգարիայի իշխանությունների գործունեությունը եւ պահանջելու եվրոպական կառույցներից պատժամիջոցների կիրառում Հունգարիայի նկատմամբ,

գ) Եվրախորհրդում` պառլամենտականների միջոցով, քննարկման առարկա դարձնելու Ադրբեջանի հետագա անդամակցության հարցը, քանի որ այդ երկրի նախագահի հերթական անօրինական քայլը հարիր չէ եվրոպական օրենքներին, մարդասիրական արժեհամակարգին եւ ոգուն,

ԶԼՄ-երի միջոցով դատապարտելու Հունգարիայի իշխանությունների եւ Ադրբեջանի նախագահի անօրինական գործարքն ու գործողությունները,

դիմելու հունգար ժողովրդի արժանավոր զավակներին, որպեսզի ցույցների, ելույթների, նամակների եւ այլ ակցիաների միջոցով անհամաձայնություն հայտնեն իրենց իշխանությունների  որոշմանը եւ դատապարտեն այն:

Վիրավորական է, որ հունգարական իշխանությունները ոճրագործին հանձնելիս նույնիսկ չհիշեցին, որ հունգար ժողովրդի կողքին` Հունգարիայի անկախության ու ազատության համար իրենց կյանքն են զոհել եւ հերոսացել հազարավոր հայեր: Կամ, մի՞թե անցյալում եւ այսօր էլ հայկական համայնքն իր արժանի ներդրումը չի ունեցել Հունգարիայի զարգացման գործում:

Պահն է համախմբման: Աշխարհում ապրող  շուրջ 10մլն. հայությունը միասնաբար իր հուժկու բողոքն ու ցասումը  կհայտնի այս աղաղակող անարդարության դեմ: Ով աչք է փակում անօրինականության ու հրեշավոր գազանությունների վրա,  մի օր  էլ ինքն է հայտնվում զոհի վիճակում:

Մենք հավատում ենք մեր համայնքներին, մենք վստահում ենք ձեզ, գիտենք, որ դուք չեք լռելու եւ միասնաբար պայքարելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է, եւ ինչպես նշել է ՀՀ նախագահը.

«ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ