News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն եւ դրան հաջորդած ներման շնորհումը տարածաշրջանում դիվանագիտական ճգնաժամի է հանգեցրել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, ասուլիսի ժամանակ հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Սաֆարովի արտահանձնման որոշումը հիմնավորված էր Ադրբեջանի նախագահի եւ Հունգարիայի վարչապետի անմիջական համաձայնության վրա. «Դժվար է հավատալ, որ Հունգարիան հավատացել է ադրբեջանական կողմի խոստումներին, որոնց համաձայն Սաֆարովը կշարունակեր պատիժը կրել հայրենիքում: Սպանության առաջին օրից սկսած Սաֆարովին Ադրբեջանում ազգային հերոս են համարել: Ադրբեջանը չի թաքցրել, որ Հունգարիայի դեսպանատունը Սաֆարովի հարցի լուծման համար  բաց է  եղել»:

Կիրակոսյանը նաեւ նշել է, որ նման քայլով Հունգարիան ստվեր է գցում ոչ միայն իր երկրի, այլ նաեւ ընդհանուր առմամբ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ- վրա: Հունգարիան նման քայլի է դիմել ադրբեջանական գազի եւ ներդրումների, ինչպես նաեւ հարվածը իր վրա վերցնելու Բաքվի խոստման դիմաց:

Կիրակոսյանը ընդգծեց այն փաստը, որով  Բաքուն իր բոլոր գործողություններով փորձում է  սրացնել Սաֆարովի վերադարձի արդյունքում  ստեղծված  դիվանագիտական ճգնաժամը. «Ալիեւը պարզապես չի ազատել Սաֆարովին, այլ ամբողջովին արդարացրել է նրան, թեեւ Սաֆարովի արարքը` ոչ միայն դաժանության  արտահայտում էր, այլ առավել ընկալվում է, որպես  ցեղասպանության դրսեւորում: Բացի այդ, Սաֆարովին հատկացվել  է անցյալ 8 տարիների աշխատավարձը, բնակարան,  ինչպես նաեւ տրվել է մայորի կոչում: Այսպիսով, Ադրբեջանը պետական մակարդակով հովանավորում է նման դաժան սպանությունը` սրելով ճգնաժամը: Ադրբեջանի գործողությունները վկայում են այն մասին, որ Բաքվին այնքան էլ չի հուզում միջազգային հանրության արձագանքը»:

Կիրակոսյանը ուշագրավ  է համարել այն փաստը, որ տեղի ունեցածի վերաբերյալ իր կարծիքը առաջիններից մեկը բավականին խիստ կերպով  հայտնել է Միացյալ Նահանգները: «ԱՄՆ-ի արձագանքը հատկապես առանձնանում է Մոսկվայի անհասկանալի լռության ֆոնին»,-ընդգծել է փորձագետը` ավելացնելով, որ այս  լռությունը բազմաթիվ հարցեր է առաջ բերում` Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական համագործակցության  իրականության վերաբերյալ: Փորձագետի կարծիքով Մոսկվան պետք է հայկական կողմին բացատրի իր լռության պատճառները: Այս   ճգնաժամը ի ցույց դրեց նաեւ Թուրքիայի թուլամտությունը, քանի որ բացահայտվեց, որ Ադրբեջանը ձգտում է եւ բավականին հաջող կերպով ղեկավարում է թուրքական արտաքին քաղաքականությունը:

«Ես կարծում եմ, որ այս հարցը ճգնաժամային է դարձել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»,-հայտնել է նա: Ադրբեջանի արարքի պատճառով բավականին դժվար իրավիճակում է հայտնվել նաեւ հարեւան Վրաստանը, որը հասկանում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները խնդրահարույց են դառնում: Ադրբեջանը անկանխատեսելի եւ վտանգավոր է դարձել: Այսօրվա Ադրբեջանը սկսել է հիշեցնել Հյուսիսային Կորեային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ