News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ԱՆդերս Ֆոգ Ռասմուսենը, ելույթ ունենալով Բաքվում ` Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում (ԱԴԱ), կրկին իր մտահոգությունն է հայտնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշման շուրջ:

«Ես խորապես անհանգստացած եմ սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշումից: Այն ինչ նա կատարել է 2004 թ-ին, հացագործություն է, ինչը չպետք է փառաբանվի: Դա կոտրում է վստահությունը եւ չի օգնում խաղաղ գործընթացին»,-ասել է Ռասմուսենը, ում խոսքերը մեջբերվել է գլխավոր քարտուղարի  Twitter-ի պաշտոնական էջում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի ռազմական լուծում գոյություն չունի: «Hակամարտության հարցում առաջընթացի միակ ճանապարհը` երկխոսությունը, փոխզիջումը եւ համագործակցությունն են»,-ասել է Ռասմուսենը, փոխանցում է Trend-ը:

«Տարածաշրջանում լարվածությունը պետք է նվազեցվի եւ պետք է ձեռնարկել բոլոր միջոցները համագործակցության եւ հաշտության համար»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ նախօրեին Երեւանում Ռասմուսենը խոստացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնել տվյալ հարցի վերաբերյալ:

«Ադրբեջանում հանդիպմանը ես Ադրբեջանի նախագահին փոխանցելու եմ իմ ուղերձը, որ շատ պարզ եւ ակնհայտ է, ես իսկապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստով: 8 տարի առաջ տեղի ունեցածը հանցագործություն էր եւ այն չպետք է փառաբանվի: Այս ուղերձը ես վաղը կփոխանցեմ Ադրբեջանի նախագահին»,- ասել էր  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ադրբեջանցի զինծառայոց Ռամիլ Սաֆարովը, ով 2004 թ-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող անգլերեն լեզվի դասընթացի ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին եւ  ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայի դատարանի կողմից,  2012 թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայից արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ նրան ներում են շնորհել եւ բարձրացրել են զինվորական կոչումը:

Նույն օրը Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հայաստանում եւ ողջ աշխարհում տեղի են ունենում բողոքի բազմաթիվ ակցիաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ