News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում եւս արձանագրվել են երեխաների թրաֆիքինգի դեպքեր: Հայաստանից երեխաների են արտահանում Արաբական Միացյալ Էմիրություններում սեռական շահագործման ենթարկելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  թրաֆիքինգի գործերով զբաղվող փաստաբան Հովիկ Արսենյանը:

Մինչ Հայաստանում արձանագրված դեպքերին անդրադառնալը եւ այն արտերկրում ստեղծված իրավիճակի հետ համեմատելը նշենք, որ 21-րդ դարում երեխաների թրաֆիքինգը արտահայտվում է մուրացկանության եւ սեքս ինդուստրիայի տեսքով: Հանցավոր խմբերը մուրացկանության համար որսում են հիմնականում անօթեւան, անապահով կամ մանկատան երեխաներին եւ նրանց դրդում մուրացկանության առանց որեւէ բաժնեմասի: Գոյություն ունեն նաեւ մանկական պոռնոգրաֆիայով զբաղվող հանցավոր խմբեր, ովքեր ինտերնետի միջոցով անչափահասների են որսում եւ հետագայում դարձնում թրաֆիքինգի զոհեր:

Մեր երկրում շատ են մուրացկանությամբ, նկարների, ծաղիկների վաճառքով զբաղվող շրջմոլիկ երեխաները եւ շատ հնարավոր է, որ այդ երեխաներից շատերն արդեն ներքաշված են հանցավոր խմբի մեջ ու նրանց համար աշխատում են: Օրինակ, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է Հայաստանում մանկական թրաֆիքինգ որակված մի դեմք նշենք, երբ Երեւանի բնակչուհի, 44-ամյա Սուսաննա Հ.-ն եւ նրա փաստացի ամուսին ոմն Գագիկը օգտագործելով հատուկ կրթահամալիրներից մեկի սան, 14-ամյա Հ.-ի անչափահաս լինելու հանգամանքը եւ փաստացի հանդիսանալով խնամակալությունը ստանձնած անձինք, վերջինիս նկատմամբ հարկադրանք կիրառելով՝ ներգրավել են մուրացկանությամբ զբաղվելու մեջ եւ տիրացել մուրացկանությամբ վաստակած գումարներին: Հովիկ Արսենյանը նշեց, որ այս պահին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է կազմակերպված հանցախմբի կողմից մարդու շահագործման մի գործ, որտեղ կա նաեւ անչափահասին սեռական շահագործման ենթարկելու փաստը: Երեխաների թրաֆիքինգի ոլորտում եւս Հայաստանը համարվում է արտահանող երկիր: Հովիկ Արսենյանը եւս մեկ այլ դեպք ներկայացրեց, երբ  տվյալ հանցախումբը անչափահաս աղջկան առաջարկել է  Հնդկաստանի թխվածքի արտադրամասում աշխատել: Վերջինս համաձայնել է, բայց հայտնվել է Դուբայում: Մինչեւ 21 տարեկանը նրան սեռական շահագործման էին ենթարկել, մինչեւ մի օր նրան դեպորտի են ենթարկել, բայց հանցագործության մասին աղջիկը կտրականապես հաղորդում չի տվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում 2012թ. առաջին կիսամյակում մարդկանց թրաֆիքինգի` (ՔՕ 132, 132պ հոդվածով) 15 դեպք է արձանագրվել` 2011թ-ի նույն ժամանակահատվածի 11 դեպքի համեմատ:  Սակայն Հովիկ Արսենյանը ընդգծում է, որ դա իրական պատկերը չէ: «Օրինակ, որ ասեն այս տարի անչափահասների նկատամամբ սեռական ոտնձգության 4-10 դեպք է գրանցվել, ըստ Ձեզ դա  իրական պատկերն է՞: Չէ դա պատկերը չէ, քանի որ պատկերը ահավոր է: Ինչը նշանակում է, որ համապատասխան մարմինները լավ չեն աշխատում: Մի քանի դեպքեր ջրի երես  են դուրս գալի փաստի առաջ են կանգնում ու ասում ենք, թե էս ի՞նչ է կատարվում: Դեպքերը բազմաթիվ են, երբ իրակությունը ջրի երես դուրս չի գալիս: Իսկ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքները չեն ուժեղացվում»,- նշեց Հովիկ Արսենյանը եւ ավելացրեց, որ հոդվածներն էլ իրենց հերթին պետք է խստացվեն:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածը նախատեսում է  ազատազրկում 5-8 տարվա ազատազրկում: Տեղեկացրել էինք նաեւ, որ  21-րդ դարում մարդկանց որսն ու վաճառքը իրականացնող բիզնեսի այս տեսակը հիմնականում բաժանվում է 4 ճյուղի` սեռական, աշխատանքային, մարմնի մասերի եւ երեխաների առեւտրի: Թրաֆիքինգի այլ տեսակներ եւս կան`ստրկության դրդող վիճակը` ստրկություն, երեխայի առքուվաճառք, մարդու առքուվաճառք, սակայն դրանք մյուս 4-ի պես տարածված չեն: Փաստաբան Հովիկ Արսենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ թրաֆիքինգի գործերով երկրները բաժանված են 3 խմբերի` սկզբնաղբյուր երկիր, տարանցիկ երկիր եւ վերջնակետ երկիր: «Բայց 1-ին հերթին մենք ելքի` մատակարար երկիր ենք համարվում, հետո նոր տարանցիկ եւ վերջում նոր միայն մուտքի` վերջնակետ երկիր»,- ասել էր Հովիկ Արսենյանը:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ