Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչ, ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը կարող է 4 ամիս անց հայտնվել ազատության մեջ։
Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործը հետաքննած Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանը հերթական սկանդալի առաջ է կանգնած։ Հայտնի է դարձել, որ թեեւ դատարանի որոշումից անցել է 8 ամիս, սակայն դատարանը վճռի հաստատման համար վճռաբեկ դատարան է ուղարկել դատական վճռի թերի փաստաթղթեր։
Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինն անհանգստություն է հայտնել, որ առաջիկա 4 ամսում՝ մինչեւ 2013-ի հունվարի 23-ը, վճռաբեկը չի հասցնի որոշում կայացնել, իսկ դա կարող է նշանակել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը կարող է ազատության մեջ հայտնվել, քանի որ այդ ժամանակ լրանում է կալանքի տակ գտնվելու 6 տարին։ Բանն այնն է, որ թուրքական օրենքներով 6 տարի կալանքի տակ գտնված անձը, ում դեմ դեռ չկա դատական հաստատված որոշում պետք է ազատ արձակվի։
Ֆեթհիյե Չեթինը հայտարարել է, թե այս գործընթացում ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանի վրա, ում մեղքով վճիռը թերի է ուղարկվել վճռաբեկ։