News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փակ շուկայի եւ կրկեսի նոր շենքերը կպահպանեն հների տեսքը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 14-ին լրագրողներին տեղեկացրել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով` կրկեսի շենքի շինարարության համար արդեն ներդրող կա: Շենքն ուսումնասիրել էին մի քանի մասնագետներ եւ եզրակացրել, որ այն պահպանելու հույս չկա: Ճիշտը նորը կառուցելն է», – վստահեցրել է Սարգսյանը: Միաժամանակ, ընդգծել է նա, նոր նախագիծը կպահպանի հնի նմանությունը` աննշան փոփոխություններով. մասնավորապես, շենքի վերեւի հարկը ավելի բարձր կկառուցվի: «Այս փոփոխությունները համաձայնեցված են բնօրինակ շենքի ճարտարապետների հետ», հավելել է Սարգսյանը:

Հնի տեսքը պահպանելու պայմանավորվածություն կա նաեւ Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի (որը պատկանում է օլիգարխ Սամվել Ալեքսանյանին-խմբ.) կառուցապատողների հետ: Սարգսյանի խոսքով` տեսանելի ապագայում նոր շենքի նախագիծը կքննարկվի փորձագիտական հանձնաժողովում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ալեքսանյանը, նոր շենքը մեկհարկանի կլինի եւ կգործի իբրեւ շուկա, այլ ոչ թե իբրեւ նրան պատկանող  «Երեւան սիթի» ցանցի հերթական սուպերմարկետ:

Պատասխանելով Պուշկինի եւ Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող «Աֆրիկյանների տան» XX դարասկզբի շինության մասին հարցին` Սարգսյանը նշել է, որ շենքը նախատեսում են տեղափոխել մշակվող «Հին Երեւան» նախագծի տարածք: Տերյան փողոցը նախատեսվում է ընդլայնել` շարունակելով մինչեւ Զաքիյան փողոց եւ ռուսական դեսպանատուն: Այդկերպ կհաջողվի բեռնաթափել Մաշտոցի պողոտան: «Աֆրիկյանների տունը» նեղացնում է ապագա փողոցը: Մենք բնականաբար չենք պատրաստվում այն քանդել, մտադիր ենք տեղափոխել», – հավելել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ  «Հին Երեւան» նախագիծը, որն ընդունվել էր դեռեւս 2005թ.-ին, նախատեսում է պատմամշակութային համալիրի ստեղծում` քաղաքի ճարտարապետական ժառանգության տարրերն այնտեղ տեղափոխելով, որոնք մեծամասամբ  «անհարմար» են իշխանությունների առաջարկած քաղաքի զարգացման  ծրագրերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ