Մերձարեւելյան քրիստոնեական համայնքների հոգեւոր  առաջնորդները հիասթափություն են հայտնել Լիբանան Հռոմի Բենեդիկտոս XVI պապի այցելության արդյունքներից, նշելով, որ մինչեւ վերջ չեն կարողացել ներկայացնել  արդիական խնդիրները եւ Սիրիայում քրիստոնեական համայնքների իրավիճակը:

«Մենք կցանկանայինք խոսել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների իրավիճակի մասին, հատկապես Սիրիայում, սակայն մեր ժամանակը սահմանափակ էր»,- հայտարարել է Լեռնային Լիբանանի եւ Տրիպոլիի ասորական ուղղափառ եկեղեցու   թեմի առաջնորդ Ժորժ Սալիբան թուրքական «Hurriyet Daily News»-ի հարցազրույցում:

Նրա հետ համաձայնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար ժիրայր Ռեիսյանը, նշելով, որ իր ժամանակն էլ է սահմանափակ եղել: 

Խոսելով  «Իսլամի անմեղությունը» ֆիլմի մասին` Ռեիսյանն այն անվանել է «ամոթալի», ավելացնելով, որ ֆիլմը բռնություն է առաջացնում տարածաշրջանում:  Նա ավելացրել է, որ ոչ միայն քրիստոնյաները, այլեւ մահմեդականներն են վտանգված Սիրիայում:

«Մենք` որպես սիրիահայեր,  երբեք չենք եղել եւ չենք լինի հակամարտության կողմում, որտեղ եղբայրները միմյանց արյուն են թափում: Հուսով ենք, որ շուտով կվերականգնվի տարածաշրջանի խաղաղությունը»,- հայտարարել է Ռեիսյանը: