News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին Ախալցիխեում կայացավ հայ մեծ գեղանկարիչ Վահրամ Գայֆեճյանին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իվանե Ծիկլաուրին, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասյան բաժնի ղեկավար Տարոն Շագոյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի հոգեւորականներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հուշատախտակի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Ախալցիխեի ստեղծագործողների միությանը, որի նախագահն է Ալեքսանդր Իգիթխանյանը: Հուշատախտակը տեղադրվել է այն տանը, որտեղ ծնվել եւ մեծացել է հայ մեծ նկարիչը:

Բացման արարողությունը կատարեցին դեսպան Հովհաննես Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իվանե Ծիկլաուրին եւ Վահրամ Գայֆեճյանի դուստրը: Միջոցառման առթիվ դեսպան Մանուկյանն իր խոսքում, մասնավորապես, ընդգծեց, որ վրացական մշակույթի հարստությունը նաեւ կայանում է նրանում, որ այն իր մեջ բովանդակում է Վրաստանի տարբեր ազգերի ներկայացուցիչների մշակութային հետքերը:

Հուշատախտակի բացումից հետո Ախալցիխեի պետական դրամատիկական թատրոնում կայացել է միջոցառմանը նվիրված համերգ, ուր հանդես են եկել Հայաստանից ժամանած «Կարին» երգի եւ պարի ազգագրական համույթը,  կոմպոզիտոր Գեւորգ Մանասյանի ղեկավարած երգչախումբը, ինչպես նաեւ Ախալցիխեի վրացական դպրոցների պարային խմբերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ