Սիրիայի վրա Թուրքիայի արձակած հրետանային հարվածից հետո ՆԱՏՕ-ն արտահերթ հանդիպում է կազմակերպել, որի արդյունքում դատապարտել է սիրիական իշխանությունների գործողությունները եւ հաստատել Թուրքիային իր աջակցությունը:
Ինչպես նշված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում, Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է ուշադրությամբ հետեւել Սիրիայում ընթացող իրադարձություններին: «ՆԱՏՕ-ի հարավարեւելյան սահմանում Սիրիական իշխանությունների վերջերս իրականացրած ագրեսիվ գործողությունների կապակցությամբ, որը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է եւ դաշինքի անդամներից մեկի անվտանգության համար անմիջական վտանգ է ներկայացնում, Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդը Վաշինգտոնյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն հանդիպում է կազմակերպել, եւ քննարկել է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Թուրքիայի շրջաններում տեղ գտած սիրիական կողմից երկարաժամկետ գնդակոծությունների դեպքերը:
Վերջին դեպքը տեղի է ունեցել 2012թ. հոկտեմբերի 3-ին, ինչի արդյունքում մահացել է Թուրքիայի հինգ քաղաքացի, իսկ շատերը ստացել են վնասվածքների: Մենք լրջորեն մտահոգված ենք գնդակոծության փաստով եւ կտրականապես ու միաձայն քննադատում ենք այն:
Վաշինգտոնյան պայմանագրի անվտագության անբաժանության եւ սոլիդարության ոգով, դաշինքը շարունակում է Թուրքիային աջակցել եւ պահանջում է ցանկացած ագրեսիվ գործողության անհապաղ դադարեցում դաշինքի անդամների դեմ, եւ Սիրիայի իշխանություններին խորհուրդ է տալիս վերջ տալ միջազգային իրավունքի ակնառու խախտունմներին»,-նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ թուրքական ԶԼՄ-ները հայտարարություն էին տարածել, որ Թուրքիայի զինված ուժերի Սիրիային սահմանակից Ուրֆա նահանգի հրետանային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող որոշակի թիրախներին, այն բանից հետո, երբ հոկտեմբերի 3-ին, 15:30- ին Թուրքիայի Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, որոնք ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, արձակվել են Սիրիայի տարածքից:




























