News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-14-ը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը կրկին իր ցուցադրական տարածքում կհամախմբի աշխարհի խոշորագույն հրատարակչական ընկերություններին, տարբեր երկրների տպագրական մշակույթի ներկայացուցիչներին ու պատվիրակություններին: Արդեն ավանդաբար եվրոպական խոշորագույն ցուցահանդեսին ներկայանալի տաղավարով մասնակցում է նաեւ Հայաստանը: Հայկական տաղավարը եվրոպացի ընթերցողներին է ներկայանում նոր գրահրատարակչական ծրագրերի ու նորատիպ գրքերի շնորհանդեսների հագեցած ծրագրով:

Հայաստանն այս տարի մասնակցում է երկու `մեր երկիրը  ներկայացնող հիմնական եւ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի տաղավարներով: Այսուհետեւ  ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ ցուցահանդեսի տնօրինությունն անվճար տաղավար է հատկացնելու գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը կրող բոլոր քաղաքներին, որի պատվին առաջինն արժանացել է Երեւանը:

Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը բազմաբնույթ միջոցառումներով ու շնորհանդեսներով կնպաստի հայ գրքի քարոզչությանը: Տոնավաճառի այցելուների գնահատմանը կներկայացվի վերջին տարիներին Հայաստանում եւ առհասարակ հայերի մասին հրատարակված գրականությունը: Տեղի կունենա առանձին միջոցառում «Ժամանակակից գրականությունը Հայաստանում եւ հայերի մասին» խորագրով, որում, ի թիվս այլ գրքերի, կներկայացվի հայ-գերմանական համագործակցության արդյունքը` «Արդի հայ պոեզիա» գերմաներեն եւ «Վերջապես անցան սառը օրերը» հայերեն-գերմաներեն ժողովածուները, «Արդի հայ պոեզիա» ֆրանսերեն եւ «Արդի հայ արձակ» անգլերեն ժողովածուները, ինչպես նաեւ` Արցախի պատմությունն ու մշակութային համապատկերը ներկայացնող նոր հրատարակությունները, այդ թվում Վահե Գաբրիելյանի «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» անգլերեն պատկերագիրքն եւ «Արցախ` հայ արվեստի ու ավանդույթների պարտեզ» երկլեզու (ֆրանսերեն,անգլերեն) գիրքը: Միջոցառմանը կմասնակցի նաեւ Գերմանիայի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

«Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. իրականացվող միջոցառումներ եւ հրատարակվող գրքեր» միջոցառման ընթացքում կներկայացվեն «Գրական տապան» հայաստանյան գրական փառատոնն  ու  «City Books» նախագիծը: «Գրական տապանը», որն այս տարի հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում տեղի է ունենում երրորդ անգամ, գրական փառատոն է, որի շրջանակներում Հայաստան են ժամանում գրողներ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցում գրական քննարկումների, ընթերցումների, շրջագայում Հայաստանով եւ վերադարձից հետո գրում տպավորություններ Հայաստանի եւ իրենց ուղեւորության մասին: Ֆրանկֆուրտի միջազգային տոնավաճառում փառատոնի եվրոպացի մասնակիցների հետ միասին տեղի կունենա «Գրական տապան-2011» ժողովածուի շնորհանդեսը, կներկայացվի «Գրական տապան-2012»-ի  ծրագիրը: Փառատոնի մասնակից հայագետ Հերբերտ Մաուրերը կներկայացնի նաեւ հայ գրականության գերմաներեն անթոլոգիայի նախագիծը: Այս տարի Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ Հայ գրատապության 500-ամյա տոնակատարության առիթով եվրոպական «Դե Բյուրեն » կազմակերպությունն իր ամենամյա «City Books» («Գրքերի քաղաք») նախագիծը նվիրել է Երեւանին: Այն գրական ձեռնարկ է, որը բազմազգ հեղինակների պատմվածքների, էսսեների կամ պոեմների համար տրամադրում է ստեղծագործական հարթակ ու միջազգային բազմամիլիոնանոց լսարան, քանի որ յուրաքանչյուր citybook ներկայացնում է մեկ քաղաք եւ այն հասանելի է որպես 30 րոպեանոց  համացանցային տեքստ, ինտերնետային գիրք եւ աուդիո գիրք հոլանդերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Երեւանին նվիրված այս տարվա«City Books»-ը բաղկացած կլինի երկու եվրոպացի եւ 3 հայ գրողների, ինչպես նաեւ մեկ լուսանկարչի ստեղծագործություններից, որոնցով էլ 2013 թվականին լույս կտեսնի «Սիթիբուքս Երեւան» ժողովածուն:

Տաղավարում բացառիկ նորույթ կլինի «Տես քեզ հայերեն» նախագծի ներկայացումը: Այն ուղղված է հայերեն այբուբենի հանրայնացմանը եւ հայերեն տարբեր տառատեսակների օգտագործմամբ պատկերում է հայ եւ այլազգի  հայտնի մարդկանց դեմքերը: Այդ պատկերներով ձեւավորված կլինի նաեւ ամբողջ տաղավարը: Նախագծի հեղինակ Առնո Կուռը հենց հայակական տաղավարում կպատրաստի այցելուների դիմանկարները հայերեն տառերով:

Ցուցահանդեսի մասնակից հայ հրատարակիչները կունենան իրենց առաձին բաժինները հայկական տաղավարում: Հայաստանյան պատվիրակության կազմում բացի հրատարակիչներից, ընդգրկված են  նաեւ գրական գործակալներ,երիտասարդ գրողներ Հասմիկ Սիմոնյանը եւ Հովհաննես Թեքգյոզյանը:

Ֆրանկֆուրտի տոնավաճառին մասնակցության ծրագիրը կեզրափակվի հայկական համայնքի հետ մեր պատվիրակության հանդիպումով, որի ժամանակ համայնքին կներկայացվեն տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող միջոցառումները եւ հրատարակչական նախագծերը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ