«ԴիջիԹեք 2012» տեխնոլոգիական ցուցահանդես է այցելել 24 հազ. մարդ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նախորդ տարվա համեմատ այցելուների թիվն աճել է մոտ մեկ երրորդով: Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք 2011»-ին այցելել էր 18 հազ. մարդ:
Նշենք, որ «ԴիջիԹեք» ամենամյա, թվով 8-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի անցկացվեց Երեւանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի նորաբաց «Երեւան Էքսպո» սրահում, հոկտեմբերի 5-7-ին: Ցուցահանդեսն ուներ 120 մասնակից կազմակերպություն՝ Հայաստանից եւ աշխարհի 7 երկրներից: Արտասահմանյան մասնակիցներից են Կորեայի հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատն ու Ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, սինգապուրյան BANSEA վենչուրային ընկերությունը, իտալական ImagingLaby (ռոբոտատեխնիկա), ռուսական Laser ITC-ը (հեռահաղորդակցության անլար կապ):
Ըստ Կ. Վարդանյանի՝ ցուցահանդեսն ունեցավ աննախադեպ հաջողություն, թեեւ առկա որոշ կազմակերպչական թերություններին: Մասնավորապես՝ երրորդ հարկի վերանորոգումն ավարտվեց ցուցահանդեսի բացման գիշերը, իսկ ցուցահանդեսային սարքավորում մատակարարող ընկերությունը հին ու մաշված սարքավորումներ է տրամադրել:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























