«ՄեգոԳոլդ» ընկերությունը փորձաքննության է ներկայացրել Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագիծը: Պոչամբարը պետք է տեղակայվի ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Մելիքգյուղից 800 մետր արեւելք: Պոչամբարը ֆաբրիկայից հեռու է 1600 մետր:  Պոչամբարի մերձակայքով հոսում է Քասաղի վտակ Գետիկ գետը:

Պոչամբարի տակ հատկացվող տարածքի ընդհանուր մակերեսը 6-7 հա է: Բուն պոչամբարի մակարեսը 1.53 հա է: Տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս կառուցել  կիսահարթայն տիպի պոչամբար, որը չորս կողմերից շրջապատված կլինի հողային պատնեշով:

Ըստ ներկայացված նախագծի` պոչամբարը լցովի տիպի է:  Պատնեշը  եւ պոչամբարի  հատակը ամբողջությամբ մեկուսացվելու են կավի շերտով, ինչը կկանխի պոչամբարից արտադրական ջրերի ներծծումը ստորգետնյա ջրեր:

Նշենք, որ Թուխմանուկը ոսկու հանքավայր է: Սա այն հանքավայրերից է, որի շուրջ կոնֆլիկտ է առաջացել ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության եւ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի միջեւ, ինչի արդյունքում Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը Վարդան Այվազյանի դեմ 37.5 մլն դոլարի հայց է բավարարել: