Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 19-ին 30 մլն դրամ տուգանք է նշանակել «ԱրմենՏել» ընկերությանը: Պատճառը՝ առանց սպառողին տեղեկացնելու ինտերնետ ծառայություններից օգտվելու տարբերակված սակագին կիրառելն է:

«Ալիաս» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «Արմենթելի» «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից: Ըստ «Արմենթելի» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության` այս սակագնային փաթեթով ինտերնետի 1ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այսպես նշված է նաեւ տեղեկատվական բուկլետների վրա: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ 1ՄԲ-ի համար պետք է վճարել, ոչ թե  49 դրամ, այլ 90 դրամ: Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների՝ սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1ՄԲ-ը արժե 90դրամ է: «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթի համար նախապես հայտարարված սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն: Սակայն, ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ, «ԱրմենՏելը» պետք է սպառողներին հուշեր, թե ինչպես էր հարկավոր կարգավորումներն իրականացնել:

Հանձնաժողովի գնահատմամբ՝ «ԱրմենՏելը»  մոլորեցրել է սպառողներին, քանի որ չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Ըստ Հանձնաժողովի՝ «ԱրմենթՏելի» վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է, ինչի համար որոշվեց ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 30 մլն դրամի չափով:

Մինչդեռ «ԱրմենՏել» ընկերությանը համաձայն չէ ՏՄՊՊՀ-ի որոշման հետ: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը, ընկերությունը համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, քանի որ հանձնաժողովը որոշում կայացնելիս օբյեկտիվ չի եղել: «ՏՄՊՊՀ-ն ոչ օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել, եւ մեր ընկերությունը վիճարկելու է այդ որոշումը դատարանում»,- նշեց նա:

Անդրադառնալով «Ալիաս» ընկերության դիմում-բողոքին` նա նշեց, որ բաժանորդը պատշաճ ներկայացրել է խնդիրը, եւ դրա վերաբերյալ «ԱրմենՏելը»   ընկերությունը հանձնաժողովին ներկայացրել է բավականաչափ փաստաթղթեր. «Բայց հանձնաժողովը մեր փաստարկներին կողմնակալ է քվեարկել»: