Բաքվում ոստիկանությունն արմատախիլ է արել բողոքի ակցիա անցկացնելու փորձը։ Իրավապահները փակել են Շատրվանների հրապարակի բոլոր մուտքերը եւ ստուգում են քաղաքի կենտրոն գնացողներին։ Ոստիկանությունը մարդկանց խորհուրդ է տալիս հետ վերադառնալ։ Ակցիայի պոտենցիալ մասնակիցներին ձերբակալում են, հայտնում է Turan-ը։
«Մուսավաթ» կուսակցության շտաբից հայտնել են, որ շենքից դուրս գալիս ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու, այդ թվում՝ կուսակցության փոխնախագահ Գյուլագա Ասլանլիին եւ Մեջլիսի ղեկավար Արզու Սամեդբեյլիին։ Նրանց տարել են ոստիկանության բաժանմունք, հայտնում է Ասլանլին։
Բացի այդ, ոստիկանության ուժերը եւ քաղաքացիական հագուստով անձինք հսկողության տակ են վերցրել «Մուսավաթի» շտաբը, որտեղ անցկացվում է ընդդիմադիր այդ կուսակցության Գերագույն մեջլիսի նիստը։
Ինչպես գործակալությանը հստակեցրեց «Մուսավաթի» փոխնախագահ Գյուլագա Ասլանլին, ոստիկանության հայտնվելը կապված է քաղաքի կենտրոնում երիտասարդների այսօրվա ակցիայի հետ, որոնք պահանջում են ցրել խորհրդարանը։
Շտաբը շրջափակվել է, որպեսզի մուսավաթիստներին երիտասարդների ակցիային մասնակցելու հնարավորություն չտրվի։ Բացի այդ, քաղաքացիական հագուստով անձինք գնացել են «Մուսավաթ» երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Ահադ Մամեդլիի բնակարան՝ ձերբակալելու նպատակով, սակայն ակտիվիստը տանը չի եղել։ Ասլանլին հայտնել է նաեւ այսօր առավոտյան Սումգայիթում երիտասարդ ակտիվիստների խմբի ձերբակալման մասին, որոնք ուղեւորվել էին Բաքու՝ Շատրվանների հրապարակի ակցիային մասնակցելու։





























