
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդն այսօր` հոկտեմբերի 25-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ է ընդունել:
Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, Խորհրդի անդամ Մարի Ֆիկարոյի ներկայացրած բանաձեւն ընդունվել է միաձայն:
Բանաձեւն ընդունելով` Օրենսդիր խորհուրդը «Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ խորացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի եւ նրա քաղաքացիների հետ»:
Փաստաթղթում ընդգծված են ազատ եւ ժողովրդավարական հանրություն ստեղծելու Լեռնային Ղարաբաղի ջանքերը` խորհրդարանական արդար ընտրությունների միջոցով, սատարվում է միջազգային հանրությունում Լեռնային Ղարաբաղի ընդգրկվածությունը: Բանաձեւում նաեւ կոչ է արվում տարածաշրջանային խնդիրները լուծելու, խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար փոխգործակցել միջազգային հանրության հետ: Խորհուրդը նաեւ կոչ է անում շարունակել Ղարաբաղին մարդասիրական եւ տնտեսական աջակցություն ցուցաբերելը: