News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված «ազատ սիրիական բանակի» գրոհայինները հոկտեմբերի 25-ի առավոտյան դիրքավորվել են Հալեպի Ալ Զուհուր թաղամասի եւ շրջակա տարածքներում, որտեղ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ են բնակվում: Ինչպես  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը, մատնանշված թաղամասում այս պահին փողոցային մարտեր են ընթանում գրոհայինների եւ սիրիական կառավարական բանակի միջեւ: Տեղի հայ բնակիչների տուժելու վերաբերյալ տեղեկություն չի ստացվել:

Միաժամանակ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է քաղաքի մի շարք այլ թաղամասերում եւս  ընթացող մարտերի մասին: Մասնավորապես, Ջանդուլ հրապարակի մոտակայքում, Ալ Ասիլյա եւ Ազ Զահրավի շուկաներում, Ալ Ֆերդոուս, Ալ Մարջե եւ Բուսթան Ալ Բաշա թաղամասերում, Ան Նեյրաբ, Ալ Մաադի թաղամասերում եւ Ալ Թուրքավի հրապարակում բանակային ստորաբաժանումները ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, որոնց թվում ճանաչվել է գրոհայինների առաջնորդ Մուհամադ Բեյդունը:

Ալ Մուքամբո թաղամասում ահաբեկիչների ռմբակոծման արդյունքում խաղաղ մի քանի բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Դամասկոսի Դրուշա բնակավայրի մերձակայքում Քաթան քաղաքի ուղղափառ եկեղեցու համայնքի առաջնորդ  քրիստոնյա քահանա Ֆադի Հադադի դիակն է հայտնաբերվել, որը հոկտեմբերի 18-ին Ժդեյդութ Արթուզ ավանում առեւանգվել էր զինված ահաբեկիչների կողմից: Քահանայի գլխին կրակել են, իսկ մարմինը նետել մայրուղում:

Այդպիսով, սիրիական ընդդիմության գրոհայինները միանգամայն արհամարհում են մահմեդականների զոհաբերության տոնի օրերին հրադադար հայտարարելու մասին միջազգային հանրության, այդ թվում՝ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի կոչերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ