News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-26-ին Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովը՝ 162 անդամ երկրների մասնակցությամբ։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Հայաստանից վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են Կարեն Ճշմարիտյանը եւ Հեղինե Բիշարյանը։ Պատվիրակության անդամ Ալիկ Արզումանյանը հասկանալի պատճառներով չի մասնակցել վեհաժողովի աշխատանքներին («Ժառանգության» տանը կռիվ էր)։

Վեհաժողովում հատուկ հարցերի՝ քաղաքացիությանն ու ինքնությանը վերաբերող խնդիրների քննարկման ժամանակ ադրբեջանցի պատվիրակն իր սրբազան պարտքն է համարել 162 երկրների պատվիրակներին ադրբեջանորեն տեղյակ պահել իրենց հերթական՝ «պուճուր» մտքերի ու ստերի մասին առ այն, որ  «երեսուն հազար հայ է ապրում այսօր Ադրբեջանում», որոնց Ադրբեջանը շատ լավ է վերաբերվում», եւ որ՝ այս թշվառացյալ Ադրբեջանի քսան տոկոս տարածքը գրավյալ է՝ հայերից։

Պատասխան ելույթով հանդես է եկել Հեղինե Բիշարյանը եւ ներկաներին տեղյակ պահել, որ այն Ադրբեջանում, որի քաղաքացին Եվրոպայի սրտում գիշերը կացնով քնած մարդ է սպանում, այն Ադրբեջանում, ուր հերոսացվում է մարդասպանը՝ երկրի առաջին դեմքի՝ Ալիեւ-Պուճուրի մակարդակում, չի կարող հայ ապրել. «Ադրբեջանում հայեր չեն ապրում, նրանք ապրում են Լեռնային Ղարաբաղում, եւ ԼՂ-ն այսօր անկախ, ազատ երկիր է՝ իր սահմանադրությամբ, ժողովրդավարական բոլոր նորմերով ընտրված նախագահով, պառլամենտով, կառավարությամբ»։

Վերջինիս ելույթից հետո Հունգարիայի պատվիրակությունը մոտեցել է ՀՀ պատվիրակությանը, ներողություն խնդրել իրենց կառավարության կողմից Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ եւ առաջարկել խորհրդարանական մակարդակով  վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ»,- գրում է «Իրատես de facto»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ