News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության մեջ հակասություններ չկան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում անդամակցությունը համարվում է Հայաստանի ռազմաքաղաքական մարտավարության բաղկացուցիչ մաս, սակայն դա չի խանգարում բոլոր բնագավառներում ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների խորացմանը: «Մենք կարծում ենք, որ դա օգտակար է Հայաստանի համար: Այսօր իրականացվող բարեփոխումները մեր հանրապետությունում առանձին ուղղություններով են կատարվում: Դրանք իրագործվում են ՆԱՏՕ-ի աջակցությամբ»:

Մասնավորապես նա նշել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները՝ հայտնելով, որ այդ ուղղությամբ արդեն գրանցվել են որոշակի ձեռքբերումներ: Նահապետյանը նաեւ հույս է հայտնել, որ ապագայում եւս հստակ  քայլեր կձեռնարկվեն, որոնք կխթանեն Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների առաջընթացը: «Այդ երկու ռազմաքաղաքական  համակարգերի հետ մեր համագործակցության մեջ ոչ մի հակասություն չկա, եւ ապագայում մենք կշարունակենք զարգացնել այն բոլոր քայլերը, որոնք սահմանվել են Հայաստանի նախագահի կողմից՝ որպես արտաքին քաղաքականության  հիմնական ուղղություններ», - նշել է Նահապետյանը:

Խոսելով Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության մասին՝ Նահապետյանը նշել է, որ Վրաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն արմատապես տարբերվում են: «Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, մինչդեռ Հայաստանի օրակարգում ոչ մոտ, ոչ էլ հեռու ապագայում նման հարց չկա»: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, ապա ըստ պատգամավորի, դա տեղի չի ունենա առնվազն 1-2 տարի, քանի որ դեռեւս լուրջ խնդիրներ եւ մարտահրավերներ են առկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ