News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Բարաք Օբամայի հաղթական լուսանկարը,  կնոջ` Միշելի հետ գրկախառնված,  որը «Twitter»-ում  ռեկորդային մեջբերումներ է արձանագրել, արվել է ամերիկահայ ֆոտոլրագրողուհի Սկաուտ Թուֆանկջյանի կողմից:

Սկաուտը Օբամայի նախընտրական արշավի ժամանակ աշխատող ֆոտոլրագրողներից մեկն էր: Նրա նախագծերից մեկը կոչվում է «Հայկական սփյուռք նախագիծ»:

NEWS.am-ը մի շարք հարցեր է ուղղել լուսանկարչուհուն, ցանկանալով ավելին իմանալ հայերի հետ նրա կապերի եւ աշխատանքի մասին:

Ձեր լուսանկարչական նախագծերից մեկը կոչվում է «Հայկական սփյուռք նախագիծ»: Կարո՞ղ եք մի փոքր պատմել այդ նախագծի մասին:

Ես փորձում եմ լուսանկարների եւ հարցազրույցի միջոցով ստեղծել հայ համայնքի ամբողջական պատկերը, հետեւելով մեծ ու փոքր հայկական համայնքներին ողջ աշխարհում: Մինչ օրս ես հայկական համայնքներին լուսանկարել եմ Բրազիլիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Երուսաղեմում, Եթովպիայում եւ ԱՄՆ-ում: Ես հույս ունեմ մեկնել Ռուսաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Հնդկաստան ու Արգենտինա:

Դուք լուսանկարել եք ամերիկահայերին: Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում:

Ես Հայաստանում եղել եմ 2002 թվականին՝ հորս հետ: Դա հրաշալի փորձ էր եւ ես հույս ունեմ շուտով վերադառնալ այնտեղ:

Պատմեք մի փոքր Ձեր մասին: Որտե՞ղ եք ծնվել եւ որտեղից են Ձեր նախնիները:

Ես ծնվել եմ Բոստոնում, հորս արմատները հայկական են, մայրս կիսով չափ իռլանդուհի է, կիսով չափ՝ ամերիկուհի: Հորս պապն ու տատը ԱՄՆ են եկել որպես որբեր: Մենք գիտենք, որ նրա պապերից մեկը Հարփութից է, իսկ երկու տատերը Մուսա լեռան մոտ գտնվող նույն գյուղից: Բայց մենք ընդամենը դա գիտենք:

Ինչպե՞ս Դուք սկսեցիք աշխատել Օբամայի հետ: Ինչն է եղել ամենատպավորիչը նրա հետ աշխատանքում:

Ես առաջին անգամ նախագահ Օբամայի աշխատանքն սկսել եմ լուսաբանել այն ժամանակ, երբ նա դեռ չէր չէր առաջադրվել նախագահի թեկնածու 2006-ին: Այդ ժամանակ ես լուսանկարում էի, թե ինչպես է Օբաման ստորագրում իր գրքերը Նյու Հեմփշիրում: Հաջորդ երկու տարին ես լուսաբանում էի նրա քարոզարշավը այնպիսի պարբերականների համար, որոնցից են «Essence Magazine»-ն ու «Newsweek»-ը եւ վերջապես նրա քարոզարշավի մասին գիրք կազմեցի «Yes We Can» (Այո, մենք կարող ենք») վերնագրով: Այս տարի երբ նորից սկսվեց Օբամայի քարոզարշավը, ինձ զանգահարեցին եւ հարցրեցին, թե արդյոք կցանկանա՞մ աշխատել իրենց հետ:

Ինչպես եք կարծում, կարո՞ղ է յուրաքանչյուր մարդ լուսանկարիչ դառնալ: Լուսանկարչությունն, ըստ Ձեզ, աշխատանք , թե՝ արվեստ:

Ես կարծում եմ, որ լուսանկարչությունն իր մեջ ներառում է երկուսն էլ: Յուրքանչյուրը կարող է մեկ կամ երկու հիասքանչ լուսանկար անել: Պրոֆեսիոնալին սիրողական մակարդակով լուսակարչությամբ զբաղվողից տարբերում է ոչ այնքան տաղանդը, որքան հետեւողականորեն լավ լուսանկարներ անելու կարողությունը եւ դա կարելի է սովորել, եթե մեծ ջանասիրությամբ աշխատես: Անպես որ, ես կասեի, որ յուրքանչյուր մարդ, ով պատրաստ է տարիներով ջանասիրաբար աշխատել, կարող է լուսանկարիչ դառնալ:

 Դուք ունեք Արեւմտյան Հայաստանի լուսանկարներ: Պատմեք այդ աշխատանքից Ձեր զգացողությունների մասին:

Ինձ դուր եկավ Անատոլիայում կատարած ճամփորձությունը, որոնք պատմական Հայաստանի մասն են: Քանի որ ես մեծացել եմ, իմ պապից ու տատից լսելով Հարփութի եւ Մուսա լեռան մասին պատմությունները, հետաքրքիր էր հայտնվել այնտեղ, տեսնել Հարփութի ամրոցը եւ հանդիպել հայերի, որոնք մինչ օրս ապրում են Մուսա լեռան մոտ:

Մյուս կողմից, սիրտդ ճմլվում է՝ տեսնելով Հարփութի հայկական թաղամասերի քարերի կտորները եւ պատկերացնել, թե ինչքան հիմնավոր է եղել հայերի ոչնչացման արշավը: Սակայն, եղել են նաեւ պայծառ պահեր, օրինակ Դիարբեքիրում մի կազմակերպություն աղջիկներին հայոց պատմություն ու հայկական ոճով արծաթե զարդեր պատրաստել են սովորեցնում, այնպես որ մեր մասին հիշողությունները կենդանի են:

Դուք ասացիք, որ մի փոքր կարողանում եք խոսել հայերեն: Կցանկանայի՞ք ավելի շատ սովորել հայերեն:

Անկասկած, ես ընկերուհի ունեմ, ով հայոց լեզու է դասավանդում Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում եւ նա մի քանի դասեր է տվել ինձ: Ցավոք, ես շատ եմ ճանապարհորդում, որպեսզի կարողանամ իսկապես անհրաժեշտ ժամանակը տրամադրեմ լեզու սովորելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news