News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Աշխարհում ամենամեծ՝ Չերենկովյան աստղադիտակի ափսեն հավաքվել է 875 մետրանոց վեցանկյուն ուռուցիկ հայելիներից եւ նրանցից յուրաքանչյուրի վրա հերթական համարից բացի կա նաեւ «ARMENIA» դրոշմը:

Աշխարհում խոշորագույն Չերենկովյան H.E.S.S. II աստղադիտակը, որի մակերեսը հասնում է 600 քմ-ի, շահագործման է հանձնվել 2012 թվականին՝ Նամիբիայում: Չորս 12-մետրանոց աստղադիտակների հետ միասին, որոնք արդեն շահագործման մեջ են գտնվում 2004 թվականից, աստղադիտարանը կշարունակի տիեզերական աղբյուրների ուսումնասիրությունը: Աստղադիտարանը ստեղծել է H.E.S.S. – The High-Energy Stereoscopic System միջազգային գործակցությունը, որում ընդգրկված են մի քանի տասնյակ գիտնականներ 12 երկրներից, այդ թվում ֆիզիկոսների խումբ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտից:

H.E.S.S.II  աստղադիտակի ընդհանուր տեսքը

H.E.S.S. II աստղադիտակի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 28-ին: Այդ (մոտավորապես 80 մետր բարձրության) աստղադիտակի հայելիները պատրաստվել են «Գալակտիկա» ընկերությունում (Գառնի), որը գտնվում է Հայաստանի ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում: «Գալակտիկա» ընկերության տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արա Միրզոյանը NEWS.am-ի թղթակցին պատմել է, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել:

Բացման արարողությունը հայելային արտացոլանքում

Գիտնականի խոսքով, դեռեւս 2002 թվականից իրենք համագործակցել են Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկիայի ինստիտուտի (Հեյդելբերգ, Գերմանիա) հետ՝ սարքերի կառուցման ոլորտում եւ համագործակցության ընթացքում երկար փորձառության ճանապարհ են անցել (ի դեպ, H.E.S.S.-ի փոքր աստղադիտակներում նույնպես տեղադրված են հայկական հայելիներ): 2006-ի վերջին, 2007-ի սկզբին հայտարարված մրցույթի արդյունքում «Գալակտիկան» իրավունք ստացավ հայելիներ պատրաստել H.E.S.S. II խոշորագույն աստղադիտակի համար:

Նամիբիայում Չերենկովյան աստղադիտարանի ընդհանուր տեսքը

Քանի որ Չերենկովյան աստղադիտակները տեղադրվում են առանց գմբեթի, բաց երկնքի տակ, հայելիների հարցում պահանջները շատ խիստ են: Արտադրանքը պետք է ընդունեին գերմանացիները, եւ չափաբանությունը պետք է իրականացվեր Գերմանիայում, այդ պատճառով «Գալակտիկայում» հայելիների անդրադարձման գործակիցը չափելու համար հատուկ սարք են մշակել, որի նմանը գոյություն չունի հետխորհրդային տարածքում:

«Գալակտիկա» ՓԲԸ-ում մշակված սարքը, որը չափում է հայելիների անդրադարձման գործակիցը

Որակյալ մասնագետներին փնտրում էին տնետուն, քանի որ նրանք կամ արդեն թոշակի էին անցել, կամ գտնվում էին հարկադիր պարապուրդում: Աշխատել են 1,5-2 հերթափոխով, որպեսզի հասցնեն ժամանակին  կատարել պատվերը, եւ որքան էլ պարադոքսալ հնչի, հայ մասնագետները ամենապարտաճանաչն են գտնվել՝ բավարարելով որակի բոլոր պահանջները եւ ամեն բան ավարտելով ժամկետներում: Ընդհանուր առմամբ, պատրաստվել է 900 հայելի (անհրաժեշտից մի փոքր ավելի):

Հայելիների փայլեցման գործընթացը

«Սեպտեմբերի 28-ին, Նամիբիայում աստղադիտակի բացման ժամանակ մի քանի անգամ նշվել է, որ գերմանական կողմը հպարտանում է այն թիմով, որը մասնակցել է այս նախագծի իրագործմանը: Մեզ համար դա մեծ պատիվ է, եւ մենք հպարտ ենք մեր աշխատանքի համար»,-նշել է Միրզոյանը:

Գիտնականը խոստովանում է, որ աշխատանքի ընթացքում, իհարկե, եղել են նաեւ դժվարություններ, բայց կարեւորն արդյունքն է: «Երբ ես եմ խոսում արդյունքի մասին, դա մի փոքր անհամեստ է հնչում, բայց երբ կատարված աշխատանքի մասին գերադրական մակդիրներով խոսում է Մաքս Պլանկի ինստիտուտի տնօրեն Վերներ Հոֆմանը (տեսանյութում), դա մեզ համար բարձր գնահատական է»,-նշել է «Գալակտիկայի» տնօրենը եւ հավելել. «Ես կարող եմ հպարտությամբ հայտարարել, որ մենք՝ հայերս, հայելիներ ենք պատրաստել գերմանացիների համար»:

Յուրաքանչյուր հայելու վրա, հերթական համարից բացի, կա նաեւ «ARMENIA» դրոշմը

H.E.S.S. II աստղադիտակի առաջին գիտական արդյունքներն ստացվել են դեռեւս հուլիսի 26-ին՝ նախքան պաշտոնական բացումը: Այս փուլում մշակվում են ստացված տվյալները եւ նախագիծը հաջողված է համարվել:

Արա Միրզոյանը հայտնել է, որ H.E.S.S. գործակցությունում մասնակցելու համար յուրաքանչյուր մասնակից երկիր վճարել է շուրջ մեկ մլն եվրո: «Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի կողմից ներդրում, գերմանական կողմին են հանձնվել մեր կողմից պատրաստված 200 լրացուցիչ հայելիներ: Եվ այժմ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտից բացի H.E.S.S. գործակցության լիիրավ անդամ է նաեւ Հայաստանի ԳԱԱ -ն»,-ընդգծել է գիտնականը:

H.E.S.S. II աստղադիտակի վրա 875 անգամ կարելի է կարդալ «ARMENIA»

Արա Միրզոյանը եւ նրա թիմը մտադիր չեն բավարարվել ձեռք բերածով, նրանք նախատեսում են մասնակցել հաջորդ մրցույթին՝ առավել ծավալուն նախագծում, որը կոչվում է CTA (The Cherenkov Telescope Array) եւ գնահատվում է 200 մլն եվրո: Տվյալ նախագծի շրջանակներում նախատեսվում է երկու չերենկովյան աստղադիտարան կառուցել՝ 100 փոքր աստղադիտակներով: «H.E.S.S. II նախագծի համար հայելիներ ստեղծելու ընթացքում մենք մեծացրել ենք մեր արտադրողական հզորությունները, մենք շատ նոր բաներ ենք ստեղծել: Դրա եւ մեր աշխատանքի արագության շնորհիվ մենք հույս ունենք շահել նաեւ հաջորդ մրցույթը: 900 հայելիները մենք պատրաստել ենք մոտ երկու տարում: Ներկայումս ոչ ոք աշխարհում չունի արտադրության նման արագություն, որը ունենք մենք»,-ասել է նա:

Յուրաքանչյուր հայելի մանրակրկրկիտ կերպով փաթեթավորվել է առանձին կոնտեյներում՝ ապահով տեղափոխման համար

Ա. Միրզոյանը մեծ երախտագիտություն է հայտնել թիմի անդամներին, որոնց շնորհիվ այսօր Նամիբիայում գտնվող աստղադիտակի վրա 875 անգամ կարելի է կարդալ «ARMENIA» անունը: Նրանք են՝ վակուումային տեխնիկայի մասնագետ Ռազմիկ Խոսրովյանը, «Գալակտիկա» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Լենիկ Սարգսյանը, Ռոբերտ Գալոյանը, գլխավոր մեխանիկ Ավետիք Հովհաննիսյանը, հայելիների մշակման եւ փայլեցման համար նոր հաստոցների ստեղծող Աշոտ Վարդանյանը, հայելիների անդրադարձման գործակիցը չափող սարքի ստեղծող Վաչիկ Էլբակյանը:

Արա Միրզոյանը գիտական աջակցության համար շնորհակալ է նաեւ ակադեմիկոս-քարտուղար Յուրի Չիլինգարյանին եւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ կազմակերպչական եւ բյուրոկրատական հարցերի լուծմանն օժանդակելու համար:

Անահիտ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ