News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պատմամշակութային Ագարակ արգելոցը գտնվում է Արագած լեռից հարավ, Ամբերդ գետակի ափին (ֆոտոռեպորտաժ): Եթե անցնես նույնանուն գյուղը բաժանող ճանապարհը, միանգամից կհայտնվես այլ ժամանակներում` կարծես ակնթարթորեն հաղթահարելով տասնյակ դարերի հսկա վիհը:

Առաջին հայացքից սովորական տեղանք է, անգամ ծառեր չկան: Սակայն մի քանի քայլ կատարելով` հանդիպում ես հնագիտական պեղումներին բնորոշ խնամքով մաքրված տարածքի:

Այս ու այնտեղ ոչ խորը շրջանաձեւ փոսեր են, քարերի վրա` խորհրդավոր նշաններ: Կասկած չկա, որ դա հնագույն մարդու ձեռքի գործն է...

Եթե մի քանի մետր վերեւ բարձրանանք` հավասար հարթության վրա տեսանելի են քարերի մեջ փորված նեղ խորշեր՝ մարդկային դամբարաններ: Սա հնագույն դամբարանատուն է, որի հարեւանությամբ պատմական տարբեր դարաշրջանների պաշտամունքային եւ կենցաղային շինություններ են:

Արգելոցի մասին խնդրեցինք տեղեկություններ ներկայացնել ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօերն Պավել Ավետիսյանին: Պարզվում է, «Ագարակ» հնավայրում շատ բան վերաբերում է վաղ բրոնզե դարին, որը Հայաստնում սկսվում է մ. թ. ա. 3400թ-ից: Այնպես որ, այս բնակավայրն ավելի հին է, քան Գիզայի բուրգերը...

Կանոնավոր պեղումներն արգելոցի տարածքում մեկնարկել են ավելի քան մեկ տասնամյակ առաջ, եւ 2008թ. դադարից հետո, ներկայումս հետազոտությունները շարունակվում են:

Ագարակի արգելոցի տարածքը հսկայական է, այն 118 հա է զբաղեցնում: Սակայն առայժմ պեղված է միայն մի փոքր մասը՝ վերը նշված ժայռը եւ դրա շուրջը:

Այստեղ հայտնաբերվել է փողոց, որի եզրերին շրջանաձեւ հատակագծով տներ են եւ այլ, ուղղանկյուն, կառույցներ: Ամեն ինչ վկայում է, որ այստեղ հնագույն բնակավայր է եղել, որը թվագրվում է բրոնզե դարին:

Ագարակի համալիրը «բազամշերտ է». մարդն այստեղ ապրել եւ արարել է տարբեր պատմական դարաշրջաններում: Հայտնաբերված մի շարք արձանիկները, տարբեր առարկաները պատկանում են Շենգավիթյան դարաշրջանին (2800-2600 Ք. Ծ.Ա):

Ժայռի հարավային կողմում հայտնաբերվել են արդեն Վանի թագավորության (ուրարտական) ժամանակշրջանի իրեր, դամբարանախորշեր, մ.թ.ա VIII-VI դդ. խեցեղեն:

Ագարակի զարթոնքը եղել է մ.թ.ա. IV-III դդ. մինչեւ II-IV դարերը, երբ բնակավայրը ներգրավվել է, այսպես կոչված, միաջազզային առեւտրի մեջ: Այդ մասին են վակայում հելլենիստական եւ հռոմեկան շրջանի մետաղադրամները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ:

Ուշագրավ մանրամասն. II-III դդ. թվագրվող գերեզմանոցում, այսինքն, Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց առաջ, կան ինչպես հեթանոսական ծեսով թաղված մարդիկ, այնպես էլ քրիստոնավայել թաղված։ Նշանակում է, Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելուց շատ առաջ այդտեղ հեթանոսների կողքին արդեն եղել են քրիստոնյաներ: Ահա կրոնների այսպիսի համերաշխ գոյակցություն...

Առայժմ արգելոցում ամեն ինչ չէ, որ ուսումնասիրված է, անելիք դեռ շատ կա: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով` հաստատությունը կանոնավոր պետական ֆիանսավորում սկսել է ստանալ 2007 թ-ից, երբ հատկացվել էր 97 մլն դրամ։ Ընթացիկ տարում պետական ֆիանսավորումը կազմել է 270 մլն դրամ, որից 111-ը աշխատավարձի ֆոնդն է, իսկ մնացած 159 մլն դրամն ուղղվում է հետազոտական աշխատանքներին:

Սակայն, Ագարակի արգելոցի հետազոտությունը պետական միջոցներից չի ֆինանսավորվելու, որոշ աշխատանքներ այնտեղ կիրականացվեն «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման համար նախատեսված միջոցների հաշվին: Իսկ մինչ այդ պեղոմները ֆինանսավորել է մի ամերիկյան մասնավոր հիմնադրամ։

Նշված մայրուղու կառուցումը նոր խնդիրներ է առաջացրել հնագետների համար: Բացառված չէ, որ նոր ճանպարհի կառուցման ժամանակ կարող են ավերվել եւ անվերադարձ անհետանալ մի շարք հնագույն հուշարձաններ: Այդ հարցի պարզաբանման համար ընթացիկ տարվա նոյեմբերից ինստիտուտի կողմից հատուկ հետազոտություններ են իրականացվում: Կա մեկ այլ խնդիր եւս...

Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում եւս հնությունների «որսորդները», պարզ ասած՝ գողերը բավականին շատ են: Ավետիսյանի խոսքով, նրանց դեմ պայքարելը մի շարք պատճառներով շատ դժվար է, բայց այդ պայքարը կա։

Լինում է, որ եզակի պատմական իր գտած անձինք գալիս են ինստիտուիտ` խնդրելով ձեռք բերել այն: Իսկ կազմկերպությունը նման հոդվածով ծախսեր չունի նախատեսված: Այդ ժամանակ հուսախաբ եղած այցելուն հեռանում է` խոստանալով, որ այն կվաճառի օտարերկրացիներին: Իսկ վաճառել սկզբունքորեն կարող է...

Դրա համար պետք չեն ոչ գաղտնի գործունեություն, ոչ ընդհատակյա կյանքին բնորոշ այլ ատրիբուտներ: Հնագույն իրերը, որոնք ծավալով փոքր են Արգիշտի I-ի հայտնի սեպագիր արձանագրությունից, առանց խնդրի հնարավոր է իրացնել երեւանյան հայտնի Վերնիսաժում, որը գտնվում է կառավարություն շենքի կողքին: Անգամ ուրարտական արքայի հիշատակված բազալտե սեպագիրը վաճառքի կհանեին, եթե այդքան ծանր չլիներ:

Պատմական հուշարձաններ մենք ունենք ամենուր: Ինչպես ասում են, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Ու հենց այդ «բաց երկինքն» էլ դառնում է գլխացավանք հնագետների համար: Ինստիտուտի տնօրենի խոսքով` հնարավոր չի թվում տոտալ վերահսկողության իրականացումը` դրա համար պահպանների հսկայական բանակ վարձելով:

Գիտնականը ցավով նշեց նաեւ այն, որ Հայաստանում առկա հսկայական պատմամշակութային կապիտալը չի օգտագործվում եկամուտ ստանալու համար, ինչը կլուծեր եւ այդ կապիտալի պահպանման խնդիրը, եւ հետագա հետազոտություններին կօժանդակեր։

Զրույցի ավարտին Պավել Ավետիսյանն անհրաժեշտ համարեց ընդգծել դաշտային հետազոտությունների կարեւորությունը: Եթե ներկայումս, ֆինանսական դժվարությունների պատճառով դրանք չիրականացվեն, ապա ռիսկի գոտում գտնվող պատմական հուշարձաններն անվերադարձ կանհետանան: Գումարներ հետո կգտնվեն, իսկ ահա հուշարձաններ` ոչ...

Մասնագետի խոսքով` պետք է հաշվի առնել, որ պատմական Հայաստանը ավելի լայն հասկացություն է, քան երկրի ներկայիս տարածքը։ Մեր հուշարձաններից շատերը գտնվում են հարեւան երկրների տարածքներում, եւ այդ երկներից ոմանք բացարձակապես շահագրգռված չեն հայկականը պահպանելու մեջ: Հակառակը, կարող են ոչնչացնել կամ պարզապես «սեփականացնել» մեր նախնիների ժառանգությունը, ինչը եւ տեղի է ունենում։

Այնպես որ, կանոնավոր հնագիտական հետազոտությունները ժամանակակից Հայաստանի տարածքում որոշակի իմաստով ռազմավարական նշանակություն ունեն մեր ազգի ապագայի համար: Կադրային առումով ինստիտուտն ունի նման աշխատանքների պոտենցիալ, խնդիրը մնում են ֆինանսական միջոցները:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ