Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանին այսօր` դեկտեմբերի 7-ին վիրահատել են միզապարկի քաղցկեղի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տանայանը: Նրա խոսքով` վիրահատությունը անցել է նորմալ, հիվանդը գտնվում է հետվիրահատական շրջանում: Արմեն Տանանյանը նշեց, որ կասկած չունեն, որ Սերոբ Բոզոյանի մոտ ուռուցքը չարորակ էր, սակայն դա կհաստատվի հետազոտությունից հետո: Հավանաբար, նա հիվանդանոցում կմնա մինչեւ 2-3 շաբաթ:  Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե կրկնապատկել են վիրահատության գինը եւ հիվանդը չգիտի` որտեղից փող գտնի վիրահատվելու համար:  Փոխտնօրենը նշեց, որ նրանք վճարել են վիրահատության գումարի մի մասը, եւ հետո` հարազատներին զգուշացրել են, որ գոյություն ունեն հիվանդության տարբեր ծավալներ, որոնցից կախված` գումարը կարող է փոխվել:

Ավելի վաղ Սերոբ Բոզոյանը վիրահատվել է նույն կենտրոնում, սակայն հիվանդությունը կրկնվել էր:

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 մարդ:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Սերոբ Բոզոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, եւ նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: