Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եւ նրա եղբոր դեմ: Նրանց կասկածում են մեքենայությունների եւ դրամական միջոցների օրինականացման մեջ: Քննության վարկածով, նրանք մեքենայությունների ճանապարհով 55 մլն ռուբլի են յուրացրել:
ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Նավալնին «Գլխավոր բաժանորդագրային գործակալություն» անվանումով ընկերություն է ստեղծել, իսկ նրա եղբայրը, ով 2008 թվականից աշխատել է «Ռուսաստանի փոստ»-ում, համոզել է արտասահմանյան ընկերությանը այդ ընկերության հետ պայմանագիր ստորագրել Յարոսլավլ-Մոսկվա երթուղով փոխադրումներ իրականացնելու վերաբերյալ: Ըստ Քննչական կոմիտեի, Նավալնին նման փոխադրումների համար նյութական բազա չի ունեցել եւ դրանք 2008-2011 թվականներին իրականացրել է եղբոր ծանոթի ընկերությունը, հաղորդում է NEWS RIN.ru-ն:
Քննչական կոմիտեն պնդում է, որ արտասահմանցի գործընկերը «Գլխավոր բաժանորդագրային գործակալությանը» ծառայությունների դիմաց ուռճացված գումարներ է վճարել: Ըստ քննչական կոմիտեի այդ փոխադրումների առավելագույն արժեքը 31 մլն ռուբլի է, այնինչ արտասահմանյան ընկերությունը վճարել է 55 մլն ռուբլի:
Ըստ քննության, Նավալնին այդ գումարի մեծ մասն օգտագործել է սեփական կարիքների համար, իսկ 19 մլն ռուբլին օրինականացրել է՝ փոխանցելով մի ընկերության, որի հիմնադիրները Նավալնի եղբայրներն են եւ նրանց ծնողները: Օգոստոսին այդ ընկերությունում խուզարկություն է կատարվել:
Հիշեցնենք, որ մինչ այդ Նավալնիին մեղադրել են «Կիրովի անտառների» գործով յուրացումների մեջ: Քննիչները կարծում են, որ Նավալնին մյուսների հետ յուրացրել է 16 մլն ռուբլի:
Բացի այդ, Նավալնին որպես վկա անցնում է Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում, այսպես կոչված, «զանգվածային անկարգությունների» գործով:




























