News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զրուցել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինկիի հետ:

Պարոն դեսպան, Ձեր կարծիքով, Հայաստանն ու Լեհաստանն օգտագործե՞լ են ողջ ներուժը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, թե՞ կարող էին ավելիին հասնել:

«Կարող էին ավելիին հասնել» ձեւակերպումը մի փոքր մաքսիմալիստական է հնչում: Եթե ձեռք է բերվել փոխհարաբերությունների որոշակի մակարդակ, նշանակում է, դա էր իրատեսական եւ հնարավոր մակարդակը: Պետք է նայել ճշմարտության աչքերին, հաշվի առնել երկու երկրների միջեւ աշխարհագրական հեռավորությունը: Բայց ես կասեի, որ քաղաքական առումով Լեհաստանի եւ Հայաստանի հարաբերությունները զգալիորեն ավելի հարուստ, բազմակողմանի են, քան՝ Հայաստանի հարաբերությունները ԵՄ նույն մասշտաբի որեւէ այլ երկրի հետ, ասենք Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ:

Ես մեր երկրների փոխհարաբերությունների մակարդակը համարում են որպես հասուն վստահելի գործընկերություն, որի դեպքում երկու կողմերն էլ, ամբողջությամբ գիտակցում են իրականությունը, իրենց հնարավորությունները եւ գոյություն ունեցող սահմանափակումները: Միաժամանակ, վերջին 3 տարում հայ-լեհական հարաբերությունները խորացել են, բարձրացել է երկխոսության ինտենսիվությունը: Կարծում եմ, որ մեր հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում աննախադեպ առաջընթաց է արձանագրվել:

Ցանկացած հարաբերության հիմքում ընկած է տնտեսությունը: Ինչպիսի՞ն են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը եւ հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները:

Մամուլում սովորաբար տնտեսական հարաբերությունները նկարագրելու համար նշում են ապրանքաշրջանառության ծավալները: Ներկայումս դա այդքան էլ արդարացված չէ: Որպես օրինակ ասեմ, որ Լեհաստանն այժմ ավելի շատ մեքենա է արտահանում Գերմանիա, քան՝ ներմուծում է եւ դա միայն նրա շնորհիվ, որ Լեհաստանում գտնվում են խոշոր ավտոմոբիլային կոնցեռններ, որոնք արտադրում են այդ մեքենաները: Այսօր ապրանքների ազգային բրենդը շատ կասկածելի է: Հայաստանի դեպքում` հաշվի առնելով ձեր երկրի աշխարհագրական հեռավորությունն ու տնտեսական հստակ մեկուսացումը, Լեհաստանի տարածքում արտադրվող ապրանքներն այստեղ են հասնում միայն երրորդ երկրի` Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի եւ նույնիսկ Թուրքիայի միջոցով:  Սա փոխհարաբերություններ ստեղծելու մի ձեւ է: Լեհաստանն իր Արեւելքի գործընկերների հետ հարաբերություններում ապրանքաշրջանառության մեծացման համար այնքան նպատակադրված չէ, որքան պետության զարգացմանը խթանող ներդրումներ անելու համար:

Օրինակ` մինչ այժմ հայկական անձնագրերն արտադրել է ֆրանսիական ընկերությունը: Այն ընդամենը գրքույքներ է արտադրել, բերել Հայաստան եւ վաճառել է: Հիմա դրանով զբաղվում է լեհական ընկերությունը: Ի տարբերություն նախկին ընկերության, այն Հայաստան է բերել գույքի ողջ հավաքածուն, ինչը հնարավորություն է տալիս հայկական կողմին զարգացնել իր ընդունակությունները` ոչ միայն սովորական գրքույկներ արտադրել, այլ տվյալներ կուտակել եւ դրանք մշակել:  Ներկայումս բանակցություններ են ընթանում` մեկ միասնական ձեռնարկատիրություն սեղծելու ուղղությամբ: Չեմ կարող բացահայտել դրա բնույթը, միայն կնշեմ, որ այն եւս ոչ միայն կվաճառի իր արտադրանքը, այլ նաեւ կարտադրվի այստեղ: Դա կապահովի ոչ միայն աշխատատեղեր, այլ` մարդիկ կյուրացնեն նոր տեխնոլոգիաներ: Երկու կողմերի` պայմանավորվածության կատարման ձեւից կախված կլինի ոչ միայն մեր ներդրումների ապագան, այլ  ընդհանուր եվրոպական ներդրումները:  Խոսքը նրա մասին է, թե ինչքան է գործընկերն արժանի վստահության: Տանգոյի համար երկու հոգի են պետք: Որպեսզի ինչ-որ բան ստացվի, անհրաժեշտ է երկու կողմերի համագործակցությունը: Երրորդը դա այն է, որ իմ երկիրը, որպես ԵՄ անդամն պետություն, համագործակցման բնագավառում անում է ամեն բան, որ Հյաստանի օրենսդրությունը համապատասխանի եվրոպական չափանիշներին: Եթե խոսենք օրինակով` սերը թող մնա սեր, բայց ամուսնանալուց պետք է իմանալ պայմանները: Նախ անհրաժեշտ է խոսել մեկ լեզվով: Օրենսդրության համապատասխանությունը գալիս է  տարբեր զանգվածային  նախագծերի միջոցով: Սա հետագա տնտեսական համագործակցման համար իրավական հիմք է ստեղծում` ազատ առեւտրի գոտիների խորացմամբ:

Որքանո՞վ է  հեռանկարային պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Լեհաստանի համագործակցությունը։

Մեղքս ինչ թաքցնեմ, Հայաստանը կոնֆլիկտային իրավիճակում է, ես նկատի ունեմ Ադրբեջանի հետ չկարգավորված հարցերը։ Լեհաստանը կդառնա վերջին երկիրը, որն ինչ-որ կերպ կնպաստի լարվածության աճին։ Բոլորս գիտենք, որ եթե հակամարտող երկրները լրացուցիչ սպառազինություն են գնում, դա նպաստում է լարվածության աճին։ Լեհաստանը հակամարտող կողմերից ոչ մեկին ռազմական տեխնիկա չի մատակարարել եւ չի մատակարարի։ Դա՝ միանշանակ» 

Բայց եթե խոսենք համագործակցության մասին ընդհանրապես, ապա այն կա. ուսուցում, ՆԱՏՕ-ի օրինակով չափանիշների «հավասարեցում», փոխգործակցություն խաղաղարարական գործունեության ոլորտում, չէ՞ որ հայկական անձնակազմը Իրաքում գործում է լեհական դիվիզիայի կազմում։ Համագործակցության համար տանկեր վաճառելու կարիք չկա։ Հայկական կողմը որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում հակաօդային պաշտպանության ոլորտում, խոսքը զենիթահրթիռային «Գրոմ» համակարգերի մասին է։ Բայց մենք դրանք տարածաշրջան չենք մատակարարի։ Հայկական կողմը լիակատար ըմբռնումով է մոտենում դրան։ Այստեղ տարաձայնություններ չկան։ Իրավապահ մարմինների ոլորտում եւս զարգանում է համագործակցությունը։ ԵԱՀԿ-ն մեծ նախագիծ է ֆինանսավորել, որի շրջանակում լեհ գործընկերների հետ փորձի փոխանակում է կատարվել։

Ինչպե՞ս է Լեհաստանը գնահատում Արեւելյան գործընկերության ծրագրի ընթացքն ու Հայաստանի գործողությունները` լինելով ծրագրի նախաձեռնողներից մեկը:

-Դեկտեմբերի սկզբին կայացավ միանգամեց երեք երկրների` Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարների ոչ սովորական այցը: Կարծում եմ, մամուլում ըստ արժանվույն չգնահատեցին այդ այցի նշանակությունը եւ դրա հնարավոր հետեւանքները Հայաստանի եւ ԵՄ միջեւ: Քանի որ ԵՄ-ն դա միայն Բրյուսելի հանձնաժողովը չէ: Դա 28 երկիր է,  որոնք իրենց լիազորությունների մի մասը պատվիրակել են Բրյուսելին եւ որոնք են որոշում, ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացնի Եվրամիությունը: Ժամանակին Լեհաստանն ու Շվեդիան հանդես եկան Արեւելյան գործընկերության` որպես Արեւելյան Եվրոպայի, այդ թվում` Հարավային Կովկասի  երկրների, արդիականացման եւ բարեփոխումների ծրագրի առաջարկով` աջակցելու համար այդ երկրներում իրավական, քաղաքական, տնտեսական կանոնների հաստատմանը` այդ երկրները  ԵՄ-ին մոտեցնելու համար: Դա ճանապարհ է, որն ունի իր առաջնահերթություններն ու կանոնները, սակայն չկա որոշակի վերջնական կետ:  Ցանկանում եմ հիշեցնել, որ Եվրոպայում կան շատ զարգացած եւ հարուստ երկրներ, ինչպես, օրինակ, Շվեյցարիան եւ Նորվեգիան,  որոնք կազմում են Եվրոպայի մշակութային, տնտեսական, իրավական անքակտելի մասը,  մտնում են Շենգենի մեջ, սակայն ԵՄ անդամ չեն:

Այսինքն, պարտադիր չէ լինել ԵՄ անդամ` մասնակցելու համար նրա գործունեությանը: Օպտիմալ կլինի, եթե Արեւելյան գործընկերության ծրագրի անդամներն իրենց առջեւ նպատակ դնեն ապագայում ԵՄ լիարժեք ինտեգրացիան: Պաշտոնապես Արեւելյան գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2009թ-ին, սակայն նախաձեռնությունը եղել է 2001թ. սկզբից: Մեր գաղափարն այն էր, որ չպետք է մոռանալ մեր արեւելյան հարեւանների մասին: Քանի որ ի տարբերություն մեր հարավային հարեւանների,  արեւելյանները ԵՄ-ի եվրոպական հարեւաններն են: Կա փոքրիկ, սակայն էական տարբերություն: Դա այլ որակ է, այլ հեռանկարներ, այլ հնարավորություններ:

Ինչով կավարտվի նախաձեռնությունը, ոչ ոք չգիտի: Սակայն ես վստահ եմ, որ ինքներս ենք կերտում պատմությունը: Եթե 90-ականների սկզբին, որոնք ծանր էին մեր երկրի համար (իհարկե, ոչ այնքան, որքան Հայաստանում), ինչ-որ մեկը փորձեր համոզեր, որ Լեհաստանը ԵՄ անդամ կդառնա, նրա համար հավանաբար շտապօգնության մեքենա կկանչեին: Սակայն երազանքն իրականություն դարձավ: Քաղաքականությունը գեղացիկ երազելու, հեռուն մտածելու կարողություն է:  Այս ծրագիրն իդեալակա՞ն է: Իդեալական որոշումներ չեն լինեւմ:  Սակայն դա առավելագույնն է,  ինչ Եվրոպան այսօր կարող է առաջարկել: Երբեմն խոսվում է  ֆինանսական բաղադրիչի մասին: Սակայն հարցը ոչ միայն գումարների փոխանցման մեջ է, այլ գաղափարների, որոշումների փոխանցման: Եթե բնակչության շնչով հաշվարկենք, թե որքան է Հայաստանն ստանում Եվրոպայից, դա ճիշտ նույնքան է, որքան ստանում էր Լեհաստանը մինչեւ ԵՄ-ին անդամակցելը: Մենք հսկայական գումարներ չենք ստացել: Կարեւոր է դրանց նպատակաուղղված օգտագործումը: Գումարներն ուղղվել էին ոչ թե ապրելուն, այլ ինչ- որ բան փոխելուն: Պետք է ունենալ կամք, վճռականություն, տեսլական` ուր ենք ձգտում եւ ինչ ենք ցանկանում: Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, 2,5 տարվա աշխատանքից հետո գոհացուցիչ արդյունքներ կլինեն: Կարեւոր նշանակություն ունի  տարին` մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը: Այն կամփոփի, ինչ մենք ունենք:  Դեկտեմբերի 17-ին Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրվել է արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր: Շատ լավ են ընթանում բանակցություններն ասոցացման փաստաթղթղի վրա,  բանակցությունների երեք փուլ է տեղի ունեցել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ: Այս բոլորը միասին կազմում են ասոցացված անդամության փաթեթը: Օպտիմալը, ինչին կարող է Հայաստանը հասնել հիմա, դա բոլոր թվարկվածն է` հանած պաշտոնական անդամությունը:

Հարցը վերաբերում է  հարավային հարեւաններից մեկին: Որքանո՞վ է եվրոպական չափանիշներին համապատասխանում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:

-Առաջին հերթին կարեւոր է հիշել, որ Թուրքիան ԵՄ անդամ չէ: Նա ՆԱՏՕ-ի անդամ է,  եւ մենք լավ հարաբերություններ ունենք ինչրպես Անկարայի, այնպես էլ Երեւանի հետ: Մենք կցանկանայինք ինչ-որ կերպ նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սակայն  այստեղ լրացուցիչ միջնորդները միայն խանագարում են: Հարցը քաղաքականացված է Թուրքիայում, դա կապված է նաեւ Ադրբեջանի հարաբերությունների հետ: Համոզված եմ, որ Եվրոպայում ցանկացած փակ սահման պարզապես անհեթեթ է: Ես ինքս դեմ եմ կոշտ վիրզային ռեժիմին. սահմանները պետք է լինեն մի վայր, որտեղ մարդիկ հանդիպում են,  ոչ թե մարդկանց բաժանման վայր: Մյուս կողմից ես Թուրքիային այլ կերպ եմ նայում, քան շատ իմ հայկական ընկերներ: Չնայած ծանր, դրամատիկ անցյալին, կարծում եմ, Թուրքիան Հայաստանի համար մեծ շանս է: Պետք է Թուրքիային դիտել որպես 80 միլիոնանոց շուկա: Որքան ապրանք կարելի է վաճառել, ինչպես կարելի է ծավալվել այդ շուկայում:

Չնայած ցանկացած համեմատություն ճիշտ չէ, բայց երբ Լեհաստանը մտավ ԵՄ, գտնվեցին կուսակցություններ, որոնք ասում էին, թե ամեն ինչ վատ կլինի, գերմանացիները կգան ու ամեն ինչ կգնեն, Լեհաստանի անկախությունը կավարտվի: Սակայն շուտով պարզվեց, որ ավելի շատ լեհերն են տներ գնում Գերմանիայում, քան հակառակը, մի քանի գերմանական ընկերություններ փակվեցին, քանի որ լեհական ապրանքը, պարզվեց, ավելի մրցունակ է: Դժվար իրավիճակներում մարտահարվերը կարել է դիտել որպես հնարավորություն. քաղաքականության արվեստն այն է,  թե ինչպես անեծքը փոխել օրհնանքի եւ բարեկեցության: Միաժամանակ, չնայած փակ սահմաններին, երկրների միջեւ շփումներ կան, իսկ ապրանքաշրջանառության ծավալը նշանակալի է: Դա վկայում է իրավիճակի ողջ անհեթեթության մասին:  Հուսով եմ, երկու երկրների տնտեսական հետաքրքրվածությունը հարցը լուծման կհանգեցնի: Սակայն ցանկանում են կրկին ընդգծել, որ ցանկացած փակ սահման նորմալ չէ:

Հայաստանում բնակվում է փոքր լեհական համայնք, Լեհաստանում` շատ խոշոր հայ համայնք: Արդյոք համայնքներն ինչ-որ խնդիրներ ունեն:

Հայաստանում լեհական համայնքը, իրոք փոքր է` 200-300 մարդ: Նրանց մի մասը կազմում են Հայաստան եկած էթնիկ լեհերի ժառանգորդները, ինչպես նաեւ հայերի հետ ամուսնացած լեհուհիները, կա նաեւ հայերի խումբ, որն ուղղակի հմայում է Լեհաստանին:  Լեհաստանում հայերին դժվար է հաշվել, քանի որ ոչ բոլորն են ուզում հաշվառվել. մոտավորապես 30-40 հազար: Սա նորագույն ներգաղթյալներն են: Լեհաստանով են անցել ավելի շատ Հայաստանի քաղաքացիներ, երբ նրանց հայրենիքը դժվար կացության մեջ էր: Քանի որ այդ ժամանակ Լեհաստանն ինքն իր տնտեսական ծրագրով գրավիչ չէր, հայերի մի մասը վերագաղթել է: Լեհաստանն օտարերկրացու համար դժվար երկիր է, ինչպես եւ Հայաստանը` մոնոէթնիկ եւ մոնոկրոնական: Բոլոր լեհերը կաթոլիկ են եւ բոլորն էլ խոսում են լեհերեն: Պատկերացրեք` ինչքան դժվար է: Ինչ վերաբերում է լեհերի բարեհամբույր վերաբերմունքին հայերի հանդեպ` դա հարաբերական է, ինչպես ուրիշ զգացմունքները, բայց լեհերը հայերի, վրացիների եւ ֆրանսիացիների հանդեպ հատուկ բարեհամբույր վերաբերմունք ունեն: Լեհաստանում հայերը ճանաչվել են ազգային փոքրամասնություններ:

Ամենագլխավորը` հայերը իրավապահ մարմինների համար խնդիրներ չեն առաջացնում: Ինչ էլ որ այնտեղ ասեն, ներգաղթյալի կյանքը քաղցր չէ: Ապրելու հնարավորություններ ստեղծելու համար մարդիկ երբեմն ընտրում են անօրինական ճանապարհներ:Բայց հայերը ծանր հանցագործությունների մեջ նկատելի չեն: Վերջին ժամանակներս ավելի շատ հայեր են որոշել մնալ Լեհաստանում` մշտական բնակության համար: Մենք ուրախ ենք, բարի գալուստ:

 

Հարցազրույցը վարեց Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ