News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: 

Ինչպիսի՞ն էր 2012թ Հայաստանի կրթության եւ գիտության ոլորտի համար։

2012թ ծանր աշխատանքների, հասարակության հետ ամենօրյա օպերատիվ կապի, բուռն փոփոխությունների, միջազգային հավելյալ ճանաչման եւ դեռեւս ամբողջությամբ արմատախիլ չարված որոշ խնդիրների տարի էր: 

Ինչպե՞ս կգնահատեք ձեր եւ նախարարության աշխատանքը 5 բալանոց սանդղակով։

Հռոմեական կոնսուլները, երբ իրենց պաշտոնավարման ժամկետը ավարտվում է եւ ընտրում են նոր կոնսուլ, արարողություն էին անում եւ իշխանության փոփոխության ժամանակ արտաբերում էին լատիներենով թեւավոր խոսք դարձած այս արտահայտությունը` «Ես արեցի այն, ինչ կարող էի, ով կարող է, թող անի ավելին (Feci, quod potui, faciant meliora potentes)»: Կարծում եմ, որ եւ նախարարությունը, եւ ես անձամբ կարողացել ենք մաքսիմալ աշխատանքային եւ արդյունավետ գործունեություն ծավալել, իհարկե, եղել են նաեւ սխալներ, բացթողումներ, ունենք պոտենցիալ ավելի լավ աշխատելու: Հաշվի առնելով, որ այս տարին նաեւ քաղաքական տարի էր, դա իր որոշակի ազդեցությունն է ունեցել գործունեության վրա: Որպես կանոն` կրթության ոլորտի շատ ու շատ փոփոխություններ այդքան էլ հասարակահաճո չեն դիտվում առաջին պահին, ներգրավում են հազարավոր շահառուներին եւ ցավոտ են լինում տարբեր խմբերի համար, երբեմն արժանանում են դիմադրության: Կրթության ոլորտի եղած օբյեկտիվ եւ սուբյետիվ պրոբլեմներին այս տարի միանում է նաեւ չափից ավելի շատ քաղաքականացված քննադատությունը: 

2012-կրթության եւ գիտության տարվա բացթողումները, ձեռքբերումները: Նշեք երեքական օրինակ:

Բացարձակ ձեռքբերում եմ համարում, որ Եվրոպական երկրների կողմից ճանաչվեցինք մի երկիր, ով կարող է իր վրա վերցնել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Բոլոնյան բարեփոխումների համակարգման ողջ պատասխանատվությունը: Հայաստանը դարձավ Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկիր, սա աննախեդեպ ճանաչում եւ հաջողություն է, լուրջ արտաքաին քաղաքական ձեռքբերում: 2015թ Երեւանը հյուրընկալելու է Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը: Բացարձակ ձեռքբերում է նաեւ շախմատի ներդրումը դպրոցներում, ծրագրի շարունակականությունը: Երրորդ բացարձակ ձեռքբերումը լրջագույն մի շարք օրենքների ընդունումը եւ կյանքի կոչումն է, հատկապես` բարձրագույն կրթության համակարգի որակի բարձրացմանն ուղղված կտրուկ միջոցառումներն են, մասնավորապես` կրթության վատ որակ ապահովող մասնավոր բուհերի քանակի շարունակական նվազման տենդենցը, ունենք ընդամենը 34 մասնավոր բուհ, երեք տարի առաջ ունեինք 90-ը: Եւս մեկ ձեռքբերում, Հայսատանի գրեթե բոլոր դպրոցներում կա ինտերնետ կապ: Ունեցանք աննախադեպ թափանցիկ, օբյեկտիվ ընդունելության քննություններ: Բացթողումներ կարող եմ թվարկել շատ ավելի: Մեր քննադատներից որեւէ մեկը ինձնից ու իմ թիմից լավ չգիտի մեր խնդիրները: Իհարկե, ամբողջությամբ դեռ չենք վերացրել կոռուպցիոն ռիսկերը, բայց դրանք զգալիորեն նվազել են վերջին ամիսների ընթացքում, հատկապես` հանրակրթության ոլորտում: Բարձրագույն կրթական համակարգում ներդրվեց պետական քննական նոր ընթացակարգ, որը նվազեցրեց կոռուպցիոն ռիսկների դրսեւորումը: Դեռեւս ամբողջությամբ չենք կարողացել կոռուպցիան արմատախիլ անել, չենք կարողացել իրականացնել հանրակրթական բովանդակային փոփոխություններ: Օրինականության պահպանման խնդիրները դեռեւս առկա են մեր ուսումնական հաստատություններում:

2013թ անելիքները ոլորտում: 

Նախադպրոցական կրթության մատչելիության աստիճանի բարձրացում, Ամերիկյան համալսարանի բակալավրիատական կրթական ծրագրերի ստեղծում եւ ընդունելություն, Ամերիկյան համալսարանը դառնում է «իսկական» համալսարան` երկաստիճան կրթական համակարգով: «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, հույս ունեմ, որ կընդունվեն այս տարի եւ մեխանիզմներ կստեղծվեն հատուկ կարիքավոր երեխաների կրթության ապահովման գործում:

Այս տարին ինչո՞վ տարբերվեց մյուսներից: Օրինակ այս տարին նշանավորվեց նաեւ ձեր «Ֆեյսբուքում» առանձնակի ակտիվությամբ եւ սկիզբ դրեց «ֆեյսբուքյան քաղաքական պատերազմներին»: Ի՞նչ սկանդալների մեջ հայտնվեցիք դուք, ո՞րը կառանձնացնեք:

Այս տարի հետաքրքիր տարի էր այն առումով, որ ամբողջությամբ փորձեցի զուգահեռ վիրտուալ իրականության մեջ լինել` «Ֆեյսբուքում», որտեղ ինձ մատուցում էի թե որպես քաղաքացի, թե նախարար, թե քաղաքական գործիչ, դրանք իմ մեջ չեմ տարանջատում: Հետաքրքիր ու կարեւոր էր հազարավոր հայ քաղաքացիների հետ ունենալ նման տեսակի շփման հնարավորություն: «Ֆեյսբուքը» ընդամենը միջավայր է, որտեղ հաջողակ ես, թե չէ, կախված է քեզնից: Քո մտքերը, գաղափարները եւ առաջարկությունները զետեղելով էլեկտրոնային միջավայրում, լրացուցիչ արժեք չեն ստանում, ուղղակի տարածման հնարավորությունն է ընդլայնվում: Ինչ լցնես «Ֆեյսբուքի մեջ», դա էլ կլինի: Ես ինձ եմ լցրել, եւ կարող եմ համարել, որ հաջողակ եմ, որովհետեւ բոլոր գրառումներս արժանանում են բուռն քննարկումների:

Դուք բավականին քննադատությունների արժանացաք, մասնավորապես` ասում էին, թե կախվածություն եք ձեռք բերել «Ֆեյսբուքից», այդպե՞ս է:

Կախվածություն «Ֆեյսբուքից» չունեմ, «Ֆեյսբուքը» ինձ համար աշխատանքային գործիք է: Տասնյակ, հարյուրավոր խնդիրներ են այդտեղ բարձրացվել եւ լուծումներ ստացել: «Ֆեյսբուքի» դերակատարությունը հրաշալի է` ապահովելու նախարար-քաղաքացի կապը, երբ արանքում չկան միջնորդներ:

Վերջին «թարմ» սկանդալը, որի մեջ հայտնվեցիք: Խոսքը ԱԺ-ում նիստի ժամանակ «բոդիբիլդինգի» մրցաշարը դիտելու մասին է:

iPAD-ով ծանոթանում էի քաղաքական լրահոսին` նախապատրաստելու բյուջետային իմ ելույթը, որպեսզի մեզ քննադատողների վերջին լուրերը իմանամ: Tert.am-ում դրված էր ԲՀԿ-ի կայքից վերցված մի տեսահոլովակ «Բոդիբլիդինգի» մասին, կարծում եմ` եթե ընդհանրապես իմ մեղավորությունը կա, ապա շատ փոքր է: Տեղեկատվություն որոնելու եւ կիսելու իմ սահմանադրական իրավունքը որեւէ մեկին սահմանակափակելու թույլտվություն ես չեմ տալիս: Երկրորդ, բարոյականության հետ խնդիրներ ունեն նման տեսակի սկանդալները: Իմ եւ իմ տեղեկատվական աղբյուրների աշխատանքը բացառապես իմ խնդիրն է: 

Պարոն Աշոտյան, բայց դուք ԱԺ-ում էիք` նիստին եւ պատրաստվում էիք ելույթի:

Ես կարծում եմ, որ շատ լավ ելույթ եմ ունեցել: Դիտել եմ տեսանյութը, տրամադրությունս շատ բարձրացել է: Իմ մասին մի մտածեք, ես միշտ աշխատում եմ լինել քաղաքական եւ վարչարարական լավ մարզավիճակում: Հավաստիացնում եմ, որ դա ինձ չի խանգարում: Իմ պաշտոնավարման առաջին տարին մեքենայի հետ կապված արհեստածին աղմուկն էր, եւ պարզվեց` պետական մեքենա է` ոչ պետբյուջեի միջոցներով գնված, այնուհետեւ` օտարալեզու դպրոցների խնդիրը, երբ փորձում ենք մեղադրել մասսոնական դավադրությունների, ազգային հիմքերը խախտելու պատվեր կատարելու մեջ: Զոլյանի պատմությունը եւս կարելի է դիտարկել այս տարվա սկանդալային պատմությունների մեջ, որը դիտավորյալ համընկավ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ եւ նպատակ ուներ շեղելու իմ ուշադրությունը դրանից եւ վնասազերծելու ինձ` որպես ՀՀԿ-ական քարոզչի: Ես եղել եմ ուղիղ խոսող եւ մտացածս արտահայտող անձնավորություն բոլոր իրադարձությունների հետ կապված: Սիրեք կամ չսիրեք ինձ ինչպիսին ես կամ, եթե պետք է, որ ես փոխվեմ, ես փոխվում եմ` ելնելով ոչ թե ճնշումներից կամ պարտադրանքից, այլ անհրաժեշտությունից: Իսկ անհրաժեշտություն լինում է, մահացած է այն մարդը, ով երբեք չի փոխվում: Այս տարի նաեւ աննախադեպ էր, որ ընտանիքիս հետ վերջապես արձակուրդ անցկացրի` որդիներիս տանելով իրենց շատ խոստացած ծովը: Այդ 10 օրվա ընթացքում իրենց շատ տեսա, տեսա, որ տղաներս ինձ սիրում, հարգում են, շատ մեծացել են, շատ խելոք են:

Ամանորը ո՞ւմ հետ, որտե՞ղ եւ ինչպե՞ս եք նշելու:

Ամանորը դիմավորելու եմ տիկնոջս եւ երկու զավակներիս հետ Հայաստանում: Չեմ ուզում ասել որտեղ, որ հանկարծ որոշ չափից ավելի ջանասեր աշխատակիցներ չգան ինձ այնտեղ տեսնելու: «Կոնյակ, բոնբոնեռկայով» արդեն սկսել են գալ ինձ շնորհավորելու, բայց ես վիսկի եմ նախընտրում: Որպես կանոն` բերողին ստիպում եմ բացել շիշը եւ իրար հետ շնորհավորենք: Տոպրակները շարում եմ սենյակում, դրանք հանրային օգտագործման են նախարարության, աշխատակազմի տարբեր առիթների ժամանակ: Ով լավ չի կարողանում քեֆ անել, լավ չի կարող աշխատել: Ինչով որ զբաղվում ես, պետք է լինել մաքսիմալ ազնիվ, անկաշկանդ: Քանի որ ես փորձում եմ լինել իրականը, ոչ սինթետիկը, դրա համար ինձ կամ սիրում են, կամ չեն սիրում, չեզոք վերաբերմունք չկա: Ես ունեմ խմիչքների կոլեկցիա, ոչ թե թանկանոց, այլ հետաքրքիր եւ այդ բերվածներից ինչ-որ բաներ զետեղում եմ այդ հավաքածուի մեջ:

Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են ձեր վրա, ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը:

Այս տարի ինձ վրա է ալկոհոլային խմիչքների գնումը: Մեծ ծախսերի կարիք չունենք, կնոջս բարեկամները գյուղից տնական միս են ուղարկել, ձկնաբուծությամբ զբաղվող ընկերս ձուկ է ուղարկել, եղբայրս, ծնողներս մեր բաժին իշլի քյուֆթան եւ բլինչիկներն են ուղարկելու: Վերջերս Գերմանիայում էի գործուղման, չզսպեցի ինձ եւ տոնածառի հրաշալի խաղալիքներ գրեցի: Անհամբեր եմ սպասում այդ օրերին, երազում եմ քնել շատ երկար, արթնանալ առանց հեռախոսազանգերի եւ զարթուցիչի: Այս ամանորի ամենամեծ երազանքս քնելն է:

Ամանորը` որպես տոն, ի՞նչն եք սիրում եւ ի՞նչը չեք սիրում: 

Սիրում եմ Ամանորի անկաշկանդ մթնոլորտը, դրական լիցքերը, ջերմությունը, տնեցիքի հետ լինելու, ազատ քնելու, չսափրվելու, ջինս եւ սվիտեր կրելու հնարավորությունը: Չեմ սիրում ամանորի օրերի տոներին հաջորդող առավոտները: Քանի որ այդ օրերին հասկանում եմ, որ վերջին բաժակը Ձմեռ պապիկի հետ չպետք է խմեի, թեեւ ես որ խմում եմ, կռիվ չեմ անում, ագրեսիվ չեմ դառնում, բարիանում եմ եւ լավ քեֆ եմ անում: Ալկոհոլը բացում է լեզուն եւ խթանում է երեւակայության եւ ճարտասանության համար պատասխանատու կենտրոնները: Կարևորը այդ հարցում արևելյան հին կանոնն է` ինչ, որքան, ում հետ:

Դուք եւս «բոնբոնեռկա-կոնյակով» այցելում եք մտերիմների տներ, իսկ չի եղել, որ շփոթեք «տոպրակները» ու նույն «բոնբոնեռկան, կոնյակը» տանեք հենց ձեր տուն բերողի տուն:

Ես նվիրում եմ ոչ թանկ նվերներ, բայց հիշվող եւ օրիգինալ: Որոշել եմ ինչպես անել, որ իմ տարած նվերները, եթե ընկերներիցս որեւէ մեկը տանի ուրիշի տուն, խայտառակ լինի: Իմ այցեքարտը` կնոջս եւ իմ անունից ստորագրելով, դնում եմ նվերի մեջ, փաթեթավորում եմ, հետո դնում եմ տոպրակի մեջ, տոպրակը կպչուն ժապավենով կպցնել եմ տալիս, այսինքն` պետք է անպայման բացել, որ այդ ամենը հանել: Որպես կանոն` չեն բացում, տեսնում են` տոպրակ է եւ որոշում են փոխանցել հաջորդին, որ բացեն, պետք է տանեն փաթեթավորեն, զահլա չեն անում: Այդպես եմ անում, որպեսզի հասկանամ, թե ով է տարել իմ նվերները:

Մի հետաքրքիր դրվագ կհիշեք Ամանորի հետ կապված, օրինակ` մանուկ հասակում ինչ-որ միջադեպ, Ձմեռ պապիկի մորուքից քաշել, նամակ գրել եւ այլն:

Նման բաներ չեմ արել, ժիր ու ակտիվ մանուկ էի` փարթամ մազերով, մեծերի նկատմամբ հարգանքս դրսեւորվում էի դեռ այդ տարիքից: Արտասանում էի, քարտեզի վրա ցույց էի տալիս բոլոր երկրները` իրենց մայրաքաղաքներով:

Ձեր որդիները Ձմեռ պապիկին նամակ գրե՞լ են եւ ի՞նչ են խնդրել, ինչպե՞ս է Ձմեռ պապիկը դուրս գալու այդ ծախսերի տակից: 

Ձմեռ պապիկին նամակներ գրել են, նամակները մենք դեռ չենք բացել, ուղղակի ավագ որդիս երեք լեզվով է նամակ գրել, որ հայկական, ռուսական եւ անգլիական Ձմեռ պապիկները իրեն նվերներ տան: Երեք նվեր է ուզում, դրա համար երեք լեզվով է գրել: Երեխան կրեատիվ է: Տարվա ընթացքում տարբեր գործողումներից միշտ երեխաներին ինչ-որ բաներ բերում ես ու ամեն ինչ չէ, որ տալիս ես: Երեխաներս ուղղակի սիրում են գրքեր, ծնողների հեռախոսները եւ iPAD-ները, որոնք արդեն ծնողներինը չեն, իրենցն են:

Այս տարի Ձմեռ պապիկից ի՞նչ եք ուզելու, թե ձեր բոլոր ակնկալիքները Ձյունանուշից են: 

Տարիքից է կախված` երեւի մինչեւ 10-15 տարեկան ցանկությունները Ձմեռ պապիկից են, հետու Ձյունանուշիկից են մի երկար ժամանակ: Հետո փորձում ես եւ Ձմեռ պապիկին, եւ Ձյունանուշիկին խնդրել: Մեր տան Ձմեռ պապին ես եմ վերջին տարիներին, իսկ Ձյունանուշիկների մասին կոռկետ չեմ համարում խոսել, որովհետեւ արդեն 7 տարի է` ամուսնացած եմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news