News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացած Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող քրոջ որդին` Մանուկը: Թե ում են պատրաստվում նրանք դատի տալ` հիվանդանոցին, թե բժիշկներին, նա չնշեց: Բայց հարազատները վճռական են տրամադրված եւ ցանկանում են իմանալ երգչուհու մահվան պատճառը:

Այժմ հայ փաստաբանը զբաղված է համապատասխան փաստաթղթերի հավաքմամբ, երբ դրանք պատրաստ լինի, հայց կներկայացնեն: Իսկ թե ի՞նչ է պարզել դատաբժշկական փորձաքննությունը, Մանուկը նշեց, որ դա ամբողջությամբ պատրաստ չէ:  Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները չեն շտապում նրա մահվան մեջ մեղավորներ փնտրել կամ անուններ հրապարակել, քանի որ վստահ չեն եւ փաստացի ապացույցներ չունեն. «մեղավորներին կորոշի դատարանը»: Բայց նրանք իրենց զարմանքն են հայտնում, թե ինչպես կարող է լեղապարկի վիրահատության արդյունքում մարդը մահանալ, երբ նման վիրահատություններ անում են նույնիսկ ոչ զարգացած բժշկություն ունեցող երկրներում:Մանուկը պատմեց, որ Ֆլորա Մարտիրոսյանը  ընդհանրապես առողջական խնդիրներ չի ունեցել, «երբեւէ չի հիշում, որ դեղ խմած լինի»։ «Շատ առողջ է եղել, ինչ-որ ցավեր ուներ, ու այդ պատճառով գնաց հիվանդանոց, որ ստուգվի, քարեր են հայտնաբերել, հեռացրել են»,- ասաց նա` շեշտելով, որ Ֆլորա Մարտիրոսյանը վիրահատության գնացել է «իր ոտքով», սակայն վիրահատությունից հետո նորից ինչ-որ ցավեր է ունեցել եւ դիմել է հիվանդանոց, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ցավալի դեպքը:

Ի դեպ, Ֆլորա Մարտիրոսյանը վիրահատվել է «Գլենդել մեմորիալ» հիվանդանոցում: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա 55 տարեկան էր: Նշենք, որ Ֆլորա Մարտիրոսյանի մահվանից հետո վատացել էր նաեւ նրա ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը: Մանուկը տեղեկացրեց, որ նա շնչառական խնդիրներ ուներ, որոշ ժամանակ գտնվել է հիվանդանոցում, իսկ այժմ արդեն լավ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ