News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել ընտրարշավի մասին:

Ինչպե՞ս եք գնահատում ընտրարշավի ընթացքը: Կարո՞ղ եք նշել ընտրարշավի դրական եւ բացասական կողմերը:

Մենք ողջունում ենք Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ ազատ, արդարացի եւ արժանահավատ ընտրություններ ապահովելու վերաբերյալ Նախագահի խոստումը: Մենք երկար ժամանակ է ինչ աշխատում ենք քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների,  ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ կառավարության հետ ժողովրդավարական կառույցների ու հաստատությունների ամրապնդման ուղղությամբ: Վերջին ընտրությունների ժամանակ դիտորդները մատնանշեցին զգալի դրական տեղաշարժեր, մասնավորապես լրատվամիջոցների հասանելիության մասով: Այնուհանդերձ, դիտորդները նաեւ մատնանշել են մի շարք մտահոգիչ խնդիրներ, ինչպիսիք են ընտրակաշառքը եւ կուսակցական նպատակներով վարչական ռեսուրսի չարաշահումը: Հուսով ենք, որ իշխանությունները հետամուտ կլինեն Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ ազատ ու արդարացի ընտրություններ անցկացնելու նախագահի հանձնառությանը: Հուսով ենք նաեւ, որ հայ ընտրողներն էլ կկատարեն իրենց պարտքը՝ իշխանություններին տեղյակ պահելով ընտրական օրենսդրության ցանկացած խախտման մասին:

Ձեր կարծիքով, որքանո՞վ են հիմնավորված տարբեր հայտարարությունները, թե հասարակությունն անտարբեր է ընտրությունների նկատմամբ:

Պետական պաշտոնյաները, այդ թվում իրավապահ ոլորտի, հրապարակավ հայտարարել են ազատ ու արդարացի ընտրություններ ապահովելու ու բոլոր ընտրախախտումների դեպքերով դատական կարգով հետապնդում իրականացնելու մասին: Ես Հայաստանի ընտրողներին կոչ եմ անում իրենց մասով հետամուտ լինել կառավարության խոստումներին ու պայքարել ազատ ու արդարացի ընտրությունների համար:  Կառավարությունն էլ իր մասով պետք է հետամուտ լինի ընտրությունների վերաբերյալ արված իր հայտարարություններին՝ հանդես բերելով թափանցիկ ու բաց գործելաոճ իր բոլոր գործողություններում: Նաեւ էական է, որ իրավապահները պատասխանատվության ենթարկեն այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք թույլ են տալիս ընտրախախտումներ: Օրենքի առաջ հավասարությունն ու պատասխանատու լինելն անչափ կարեւոր են գործընթացի եւ ընտրական համակարգի նկատմամբ վստահություն ձեւավորելու համար:

Ինչպե՞ս եք գնահատում մի շարք թեկնածուների հայտարարությունը, թե հենց սկզբից ընտրությունների արդյունքները կեղծված են, քանի որ ընտրացուցակներում ընդգրկված են երկրից բացակայող հազարավոր քաղաքացիներ:

Ընտրացուցակների մասին մտահոգություններ մենք լսել ենք եւ կոչ ենք անում կառավարությանը շարունակել այդ մտահոգությունները վերացնելուն ուղղված քայլերը: Ճշգրիտ ընտրացուցակները վստահություն կհաղորդեն ընտրությունների ազատ, արդարացի եւ արժանահավատ լինելու առնչությամբ: Մենք կոչ ենք անում քաղաքացիներին այցելել ԿԸՀ կայքը (www.elections.am )` ստուգելու իրենց տվյալները եւ ձեռնամուխ լինելու շտկումների, եթե անհրաժեշտ է:

ԵԽԽՎ պատվիրակությունը, ինչպես նաեւ Ձեր գործընկերներն (Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի դեսպանները) արդեն քննադատություն են հնչեցրել քարոզարշավի հետ կապված: Դուք կիսո՞ւմ եք նրանց կարծիքը:

Մենք սպասում ենք տեղական ու միջազգային դիտորդների գնահատականներին ընտրություններից հետո: Մենք սպասում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող «երբեւիցէ անցկացված լավագույն ընտրություններին», ինչպես նշել է նախագահ Սարգսյանը: Հուսով ենք ու ակնկալում ենք, որ 2013թ. նախագահական ընտրությունները կդառնան նշաձող Հայաստանի հետագա բոլոր ընտրությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ