News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքով մոտ հինգ հազար հայ տեղափոխվել է Լիբանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է Լիբանանում հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, հավելելով, որ ստույգ վիճակագրական տվյալներ չի կարող նշել:

Քանդահարյանի խոսքով` սիրիահայերի մի մասը տեղավորվել է հարազատների տներում, մի մաս` Լիբանանում իր տունն ունի, իսկ մնացածը բնակարան են վարձակալել: Այն սիրիահայերին, ովքեր չունեն նման հնարավորություններ, օգնում են հայկական բարեգործական կազմակերպությունները: Քանդահարյանը նշել է, որ սիրիահայերի մի մասը լուծել է նաեւ աշխատանքի հարցը:

Ի դեպ, սիրիահայերի երեխաները հաճախում են հայկական վարժարաններ, թեեւ Սիրիայի եւ Լիբանանի կրթական համակարգում որոշ տարբերություններ կան:

Բացի այդ, Քանդահարյանի խոսքով` Լիբանանի հայ համայնքը, հոգւորականությունն ու հայկական հասարակական կազմակերպություններն արել են ամեն բան` իրենց օգնություն դիմած սիրիահայերին տեղավորելու համար: Սիրիահայերին աշխատանք գտնելու հարցում նպաստել է Լիբանանում հարազատներ ունենալը:

Նշենք, որ Սիրիայում բնակվել են մոտ  60-70 հազար հայեր: Նրանց կեսից ավելին ապրել են Հալեպում, մնացածները սփռված են եղել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լաթաքիան, Հոմսը, Կամիշլին, Հասակեն, Յակուբիեն, Ռաքան, Քեսաբը եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսը: Հայաստան են տեղափոխվել մոտ վեց հազար սիրիահայեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ