News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ես այլեւս ասելիք չունեմ Հայաստանի իշխանություններին: Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ժառանգություն կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, թե ինչու նա գնաց հանդիպման եւ ոչ թե Սերժ Սարգսյանը եկավ՝ ասաց. «Որովհետեւ ես բարդույթ չունեմ: Ես իրեն ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, պատասխանը՝ ոչ: Ասացի՝ շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն՝ Հայաստանի ապագայի համար, պատասխանը՝ ոչ: Ես ձեզ զեկուցում եմ, կարող եք համաձայն չլինել, ասի՝ լավ, պատրաստ չեք նոր ընտրության, ժողովրդի հաղթանակն ընդունելու, ուրեմն վերջին խոսքը՝ պատժեք առաջին հերթին բոլոր ընտրակեղծարարներին՝ մարզպետ, քաղաքապետ, զինվորին, որ բերեցին կրկնակի քվեարկության, ամո՛թ: Նախարարներին, պատգամավորներին, ովքեր ճնշեցին, սպառնացին, վախ սփռեցին, կաշառեցին: Առաջին՝ պատիժ բոլորին անխտիր: Դուք պարտավոր եք հրապարակավ ասել, որ ես բոլորին պատժելու եմ, այդ ապացույցները կան: Երկրորդ. Այդ ուժը եթե չունեք թեկուզ ժողովրդի հաղթանակը ճանաչել, եթե պատրաստ չեք, ուրեմն չնեղանաք ինձանից, որովհետեւ ես մինչեւ կյանքիդ վերջը ձեր կողքին պիտի կանգնեմ եւ տեղ չունեմ գնալու: Երրորդը ասեցի՝ անցնում ենք ամբողջական համամասնական ընտրակարգի եւ կազմակերպում ենք նոր խորհրդարանական ընտրություններ, որ նոր ընտրությամբ իշխանությունը վերաարձնենք ժողովրդին: Ի՞նչն է պատասխանը ձեր կարծիքով՝ ոչ: Ես այլեւս ասելիք չունեմ»:

«Երբ իմ բոլոր առաջարկներին հնչեց բացասական պատասխան, ինձ մնում է միայն այստեղ ձեզ ասել, որ մենք շարունակելու ենք պայքարը մինչեւ հաղթանակ»,- նշեց Հովհաննիսյանը եւ հավելեվ, որ վաղն իր թիմի հետ կայցելի մի շարք խոշոր քաղաքներ, որտեղ, ԿԸՀ պաշտոնական տվյալներով, հաղթանակ է տարել: Մասնավորապես հանրահավաքներ կկայանան Աշտարակում` 12-ին, Վանաձորում` 14:30-ին եւ Գյումրիում` ժամը 17-ին:

Կիրակի` ժամը 15-ին Ազատության հրապարակում Հովհաննիսյանը մեծ հանրահավաք է գումարելու` մարզերից ժամանած կողմնակիցների մասնակցությամբ: Նա դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պահանջելով ի գիտություն ընդունել հանրահավաքի մասին իրազեկումը:

Հանրահավաքից հետո մի քանի հազար ցուցարարներ երթ են սկսել Երեւանի կենտրոնով`` մասնավորապես Հյուսիսային պողոտա-հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցվի պողոտա երթուղով: Դրանից հետո հանրահավաքի մասնակիցները վերադառնալու են Ազատության հրապարակ` ավարտելու այսօրվա զանգվածային միջոցառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ