News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անունը փոխելը տեխնիկական գործ չէ. անունը որոշ կազմակերպությունների համար, եւ անհատների համար ճակատագրական նշանակություն ունի: Այդ մասին ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարում հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ, Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը: Վերջինս կտրականապես դեմ է արտահայտվել ՀՀՇ-ն վերակազմավորելու եւ վերանվանելու գաղափարին:

«Անունը փոխելը տեխնիկական գործ չէ: Անունը որոշ կազմակերպությունների համար, եւ անհատների համար ճակատագրական նշանակություն ունի: Կոռեկտ չէ, որ որոշ անկուսակցականներ գալիս եւ մեզ խրատ են տալիս մեր համագումարում: Կոչ են անում մի կողմ դնել ամբիցիաները, դա անթույլատրելի է: Այո, ես ունեմ ամբիցիաներ, ես ՀՀՇ հիմնադիրներից մեկն եմ»,- նշեց Արարքցյանը:

Վերջինիս խոսքով, անհասկանալի է, թե ինչպես պիտի ներկայումս ՀՀՇ կուսակցության անդամները դառնան ՀԱԿ կուսակցության անդամ: «Նստած են 500 հոգի, կքվեարկեն 499-ը, եւ ես մեխանիկորեն կդառնամ կուսակցության անդամ: Ինձ համար դա անընդունելի է: Չի կարելի, այս դահլիճում 500 հոգի են, բայց ՀՀՇ-ում 500 հոգի չեն: Ես խնդրում եմ պարզաբանել, եթե անունը կփոխվի, ես մեխանիկորեն կդառնա՞մ անդամ, թե՞ ոչ»,- նշեց նա եւ հավելեց. «Այս ամեն ինչը մեկ-երկու շաբաթում տեղի ունեցավ, մենք պետք է հասկանանք, վերլուծենք: Ինձ այնքան էլ համոզիչ չի թվում ձեր ասած պրագմատիկ հաշվարկները:

Ես դեմ եմ «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսին: Շատերը քաղաքականությունը հասկանում են որպես անբարոյականություն: Քաղաքականությունը պահանջում է մեծ բարոյականություն, կան Վուդրո Վիլսոնի սկզբունքները, որ որդեգրված են քաղաքակիրթ աշխարհում: Քաղաքական կառույցների մեջ բարոյական սկզբունքները պետք է լինեն նույն բարձրության վրա, ինչ ընտանիքում, իսկ ՀՀՇ-ն մեր ընտանիքն է: Մեր ընտանիքն է եղել 25 տարի: ՀՀՇ-ն մարտունակ, կռված կուսակցություն է, եւ  այդքան հեշտ հրաժարվել դրանից, ես չեմ կարող: Կարող եք ինձ դատապարտել, բայց մենք ճանապարհ ենք անցել»,-ասաց նա:

Արարքցյանը նշեց, թե համագումարին ելույթներ եղան, որ Կոնգրեսը պարալիզացված էր կոնսենսուսով որոշումների ընդունման մեխանիզմի պատճառով: «Դա ճիշտ է, բայց ժամանակին «Այլընտրանք» կազմակերպությունն առաջարկում էր գումարել համաժողով եւ ստեղծել որոշումներ ընդունող մարմին, դրա մեջ պետք է լինեին իրապես լիդերները, ինչը տեղի չունեցավ»,- ասել է Արարքցյանը մեկ անգամ եւս նշելով, թե դեմ է ՀՀՇ-ի վերակազմավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ