News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրես դաշինքը, որպես այդպիսին այլեւս գոյություն չունի: Այդ մասին ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Ուզում եմ նախեւառաջ կատարել մի քանի արձանագրումներ, որովհետեւ դրանք մեր հետագա գործողությունների ելակետերն են: Հայ ազգային կոնգրեսը, կատարելով հսկայական գործ, եթե ոչ արդյունքներով, ապա իր գործողություններով եւ ժողովրդին դաստիարակելու քաղաքական համալսարան ստեղծելու առումով հավասար է Հայ առաջին համազգային շարժմանը: Եթե ոչ արդյունքներով, մնացածով հավասարազոր է»,- նշել է նա:

Երկրորդ արձանագրումը, ըստ Տեր-Պետրոսյանի, այն է, որ ՀԱԿ դաշինքը, որպես այդպիսին այլեւս գոյություն չունի: «Մեկ տարի առաջ սկսել է  քայքայման պրոցես, չեմ ուզում մտնել պատճառների մեջ: Բոլոր հեռացածներն էլ ունեն իրենց պատճառաբանությունները, ժամանակը ցույց կտա, ով է ճիշտ ով` սխալ: Բայց փաստն այն է, որ գոյություն չունի դաշինքը»:

«Ի՞նչ էր ՀՀՇ-ն մինչեւ 2007 թվականը: Ունեցել ենք խայտառակ ժամանակաշրջան: Վանո Սիրադեղյանի նախագահությունից դուրս գալուց եւ երկիրը լքելուց հետո այս կուսակցությունը դարձել էր լավագույն դեպքում մի գեղական կլուբ: Ի՞նչ քաղաքական գործունեություն է ծավալել 2000-2007 թվականններին: Դա ՀՀՇ-ի ամենախայտառակ շրջանն էր: Ի՞նչ արեց, իմիտացիա, պարբերական համագումարներ, կենացներ, ճառեր, անցյալի հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրություններ, ունեցավ խայտառակագույն արդյունքներ, մեկ տոկոսից ցածր: Եւ հիմա, եթե կոնգրեսը չկա, մենք մնում ենք ՀՀՇ-ում, նույն կարգավիճակում ենք լինելու»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

«Հսկայական նոր զանգվածներ են մտել շարժման մեջ, եւ եթե չկայացնենք, այս էներգիան կկորցնենք, եւ մեծագույն մեղք կգործենք մեր ժողովրդի, մեր ապագայի առջեւ:  Եթե գանք դառնանք, ակումբ, դառնանք աղանդ, ում է պետք: Ես չեմ ուզում, որ ՀՀՇ-ն վերածվի թանգարանի, ես չեմ ուզում, որ հետո հպարտանանք, թե 125 տարվա կուսակցություն ենք»,- ասել է առաջին նախագահը:

Նա նշել է, թե թող չդիտվի, թե մի փոքր նախաձեռնող խումբ գալիս է պարիտետային սկզբունքով իշխանություն կիսում: «Հինգ տարում մեր կողմնակիցների կեսը թողել-գնացել են: ՀՀՇ անդամների 95տոկոսը, եթե ոչ ավելին, ավելի մեծահասակ են, քան 50 տարեկանը: Փորձի, իմաստության եւ նոր էներգիայի միասնություն է լինելու նոր կուսակցությունը»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով Բաբկեն Արարքցյանի բարձրացրած հարցադրումներին` ՀԱԿ առաջնորդը նշեց, թե վերանվանումից հետո ՀՀՇ անդամները կարող են պահել իրենց տոմսերը, եւ ստանալ նոր անդամատոմսեր ՀԱԿ-ի կողմից: Նրանք, ովքեր չեն ուզենա ստանալ նոր անդամատոմսերը, ավտոմատ կերպով չեն անդամակցի նոր կուսակցությանը: 

«Հայ ազգային կոնգրես կուսակցությունը լինելու ՀՀՇ իրավահաջորդը, բայց մի մոռացեք բովանդակային իրավահաջորդը, լինելու է եւ ՀՀՇ-ի իրավահաջորդը, եւ Հայ ազգային կոնգրես դաշինքի ժառանգորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ