News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը կոչով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ նշում է, որ Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել մանր կլանային, թիմային ու կուսակցական շահերի մեջ բզկտվող պետությունը, ժողովրդից երես թեքած պետությունը դարձնել ժողովրդի պետություն:

Կոչում, մասնավորապես, ասվում է.

«Պարոն Սարգսյան Ճակատագիրը Ձեզ եզակի հնարավորություն է ընձեռնել: Ձեզ հնարավորություն է տրվել մանր կլանային, թիմային ու կուսակցական շահերի մեջ բզկտվող պետությունը, ժողովրդից երես թեքած պետությունը դարձնել ժողովրդի պետություն: Կարծում եմ դուք այնքան խոհեմություն կունենաք, որ վեր կկանգնեք անձնական ու կուսակցական ամբիցիաներից, վեր կկանգնեք մանր շահերից ու կանեք այն քայլերը, որի կարիքը այսօր զգում է երկիրը, զգում է Հայաստանի քաղաքացին:

Դուք չեք կարող չտեսնել, որ ժողովուրդը մերժում է այն ընթացքը, այն ուղին, որը որդեգրել է իշխանական վերնախավը: Չեք կարող չտեսնել, որ երկրում ոտնահարված են քաղաքացու շահերը, իրավունքները, անվտանգությունը: Չեք կարող չտեսնել որ ժողովուրդը իր բողոքը հայտնում է երկրից հեռանալով: Դուք այդ ամենը շատ լավ գիտեք:

Եթե չիմանայիք, Վարդենիսի, Ապարանի եւ Աշտարակի ելույթներով չէիք դիմի ժողովրդին ու չէիք բարձրաձայնի այն, ինչը Ձեզ սատարող ուժերի համար հավասարազոր էր մահվան դատավճռի: Դուք գիտեք, թե ինչ լրջագույն սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ է կանգնած մեր երկիրը եւ համոզված եմ, շատ լավ հասկանում եք, որ դրանք հնարավոր է հաղթահարել միմիայն համաժողովրդական միասնության հասնելով, միմիայն վստահության դաշտ ձեւավորելով: Իսկ ինչպես պետք է ձեւավորել այդ վստահության դաշտը: Վստահության դաշտի ձեւավորման համար, դուք պետք է սկսեք իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը, հրաժարվելով այն ուժերի ծառայությունից, որոնք Ձեր խոսքերով «ամեն ինչ արել են, որ Հայաստանը դառնա պղտոր ՃահիՃ»: Անկախ նրանից, դրանք կուսակցական ուժեր են, թե քրեաօլիգարխիկ: Անկախ նրանից, թե ինչ լոզունգներով են այդ ուժերը հանդես գալիս: Անկախ նրանից, թե ինչքանով են Ձեզ նվիրված եւ հավատարմության ինչ երդումներ են տալիս:

Այս ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ վարչական, ֆինանսա-քրեա-օլիգարխիկ լծակների օգտագործմամբ, իշխանության վերարտադրության մեխանիզմը գործում է անխափան: Դրա համար էլ անիմաստ է թվեր հայտարարելը, թվերի վրա կենտրոնանալն ու շեշտադրումներ անելը:

Պետք է շեշտադրումը անել նրա վրա, որ Հայաստանի ժողովուրդը մերժում է արդեն մեկ ու կես տասնամյակից ի վեր հաստատված իրավունքի ոտնահարումը, երկրի թալանը, ատելության եւ մերժման մթնոլորտը, հասարակության հատվածայնացումն ու ոգու փոշիացումը: Պետք է հասկանալ, թե այս քվեարկությամբ ինչն է ընտրել եւ ինչն է մերժել ժողովուրդը: Եվ առանց մանր, թիմային ու կուսակցական շահեր հետապնդող ուժերի, հենվելով միմիայն ժողովրդի վրա, գնալ ժողովրդի ցույց տված ճանապարհով, երկիրը այս «պղտոր ճահճից» հանելու ճանապարհով: Պետք է սկսել երկիրը եւ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը, քաղաքացու հավատը առ պետություն վերականգնելու գործընթացը: Դա է պետության եւ ազգի մասին մտածող, պետական, ազգային գործչի ճանապարհը»:

Տպել
Ամենաշատ