News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնությունն անդրադառնել է Վանաձոր քաղաքի տնակային ավաններից մեկում բնակվող Արաքսյա Ավետիսյանի 6 անձից բաղկացած ընտանիքին:

73-ամյա Արաքսյա Ավետիսյանի աղջիկը թողել է իր  5 անչափահաս երեխաներին ծեր ու հաշմանդամ  մոր հույսին ու հեռացել, ապա ստեղծել նոր ընտանիք՝ վերջնականապես կտրելով կապը ծեր մոր ու անչափահաս երեխաների հետ: 5 երեխաների մոր դեմ այժմ քրեական գործ է հարուցված, աշխատանքներ են տարվում նրան ծնողական իրավունքներից զրկելու ուղղությամբ: 

5 անչափահաս երեխաների գոյությունը 73-ամյա Արաքսյա Ավետիսյանը մի կերպ է ապահովում: Գտնվելով սոցիալապես ծանր պայմաններում, նա իր 5 անչափահաս թոռնիկներին այսքան ժամանակ պահել է իր կողքին՝ չհանձնելով ոչ մանկատուն եւ ոչ էլ խնամքի կենտրոններ: Դպրոցահասակ երեխաները տեսախցիկից այն կողմ պատմում են, թե ինչպես է դպրոցի տնօրենը իր տղայի հագուստը տվել, թե ինչպես են ամեն օր սնվում բարեգործական ճաշարանում ու թե ինչպես հարազատ մայրը լքեց իրենց՝ գերադասելով սեփական երջանկությունն ու ամուսնանացավ  իրենց իսկ հարեւանությամբ:

2-րդ կարգի հաշմանդամ կինը 2 անգամ վիրահատվել է, ծեծի է ենթարկվել նաեւ հարազատ աղջկա կողմից, այնուհետ ստեղծված իրավիճակից ելնելով ոստիկանության հետ միասին աղջկան դուրս են հանել տնից՝ վատ վարքի պատճառով: 3 դպրոցահասակ երեխաները երկար ժամանակ դպրոց չեն հաճախել՝ հագուստի ու գրենական պիտույքների բացակայության պատճառով:

Երեխաներին հագուստ ու նորմալ սնունդ է հարկավոր, կենցաղային հարցերը լուծելու ու տաքանալու համար ընտանիքը ունի վառելափայտի ու մի շարք այլ բաների կարիք: 5 երեխաները զրկված են նույնիսկ  հեռուստացույց դիտելու հնարավորությունից. երկու շաբաթ է, ինչ այն անսարք է, կիսաավտոմատ լվացքի մեքենան էլ է խափանվել, ծեր կինը 5 երեխաների հագուստները լվանում է ձեռքով: Առավել մանրամասն՝ «Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնության պատրաստած տեսանյութում:

Նշված ընտանիքին օգնելու համար ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար

AMD   16036013869903

USD     16036013869904

EUR     16036013869905

RUR     16036013869906

«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության աջակից՝ Լոռիի մարզպետարան: Հատուկ շնորհակալություն «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանին:

Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն օգնել նշված ընտանիքին, կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am

Տպել
Ամենաշատ