Մանկավարժական համալսարանը հյուրընկալել է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերենս Ջորջին: Վերջինս Հայաստանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած գիտաժողովի շրջանակում:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրի ներկայությունը բուհում մեծ պատիվ է համարել:
2012 թվականի Օսկար մրցանակի արժանացած Թերենս Ջորջը խոսելով իր ծագման, Ռուանդայի ցեղասպանության մասին, անկեղծացել է` Հայաստան այցն իր համար խորքային նշանակություն ունի, իսկ երկու ժողովուրդների ուժը, մշակութային արժեքներն ու հաղթանակները պայմանավորել է հենց Ցեղասպանություն ապրելու հանգամանքով:
Անդրադառնալով ժամանակակից կինոարվեստին, լրատվամիջոցների գործառույթներին` հոլիվուդյան սցենարիստը նշել է, որ դրանք այսօր լայն հնարավորություն են տալիս բացահայտելու աշխարհում գոյություն ունեցող երեւույթներն ու հաճախ նաեւ պատմական իրողությունները: Թերենս Ջորջը կոչ է արել երիտասարդներին սեփական պատմությունը ներկայացնել` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիանները, մասնավորապես, համացանցն ու արվեստը:
Թե ինչո՞ւ մինչ այժմ Հոլիվուդում չի նկարահանվել Հայոց ցեղասպանության մասին որեւէ ֆիլմ, սցենարիստը պատասխանել է. «Թեեւ Հոլիվուդում նկարահանվել են քաղաքական ուղերձ պարունակող բազմաթիվ ֆիլմեր, սակայն այստեղ քիչ են հետաքրքրված արվեստով եւ քաղաքականությամբ: Հոլիվուդը գումար ստեղծելու համար է. քաղաքական թեմաները, ցեղասպանության մասին պատմող ֆիլմերը կոմերցիոն չեն դիտարկվում»:
Նշենք, որ Թերենս Ջորջը ծնվել եւ մեծացել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: 1985 թվականին հանդես է եկել որպես դրամատուրգ` ներկայացնելով իր դեբյուտային «Թունել» դրաման: Որպես սցենարիստ եւ ռեժիսորի ասիստենտ հանդես է եկել 1993 թվականին Ջիմ Շերիդենի «Հանուն հոր» ֆիլմում:
Մի շարք ֆիլմերում («Բռնցքամարտիկը»,«Մի մոր որդի»), ռեժիսորն արծարծել է Հյուսիսային Իռլանդիայի հոգսերն ու մտահոգությունները:
Թերենս Ջորջը` « Լավագույն ադապտացված սցենար»-ի համար Օսկարի է առաջադրվել է երկու անգամ, իսկ 2012 թվականի` փետրվարի 26-ին, «Ափը» կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել Օսկարի:
2004 թվականին «Ռուանդա Հյուրանոց» ֆիլմի համար, որպես ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր եւ համահեղինակ, արժանացել է Ակադեմիայի մրցանակի:
Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը հյուրին պարգեւատրեց Մանկավարժական համալսարանի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալով: Թերենս Ջորջը շրջեց համալսարանում, եղավ բուհի թանգարանում:
Նա համալսարան էր այցելել ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, բարերար, Լոս Անջելեսի «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի հետ: Վերջինս բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին ամփոփ ներկայացրեց «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագիրը կրող միջազգային գիտաժողովում իր ելույթի առանցքային կողմերն ու սեփական դիտարկումներն այդ հարցի շուրջ: