News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անվանի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը, բեռլինաբնակ հայ դաշնակահարուհի Կարինե Գիլանյանի հետ համատեղ, մարտի 29-ին, կհնչեցնի հայ եւ գերմանական երաժշտություն` «Schwartzsche Villa» սրահում` նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը ներառված է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «100 համերգ» նախագծում եւ կազմակերպվում է «Փյունիկ» հիմնադրամի կողմից:

Համերգին ներկա են գտնվելու Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, ԼՂՀ մշտական ներկայացուցիչը եւ այլ դիվանագիտական ներկայացուցիչներ: Ծրագրում կհնչեն Լ. վան Բեթհովենի, Յ.Ս Բախի, Կոմիտասի, Ա.Բաբաջանյանի, Հ.Դելլալյանի, Բախ/Գ.Կուրտագի ստեղծագործությունները: Ի հիշատակ հայոց ցեղասպանության` համերգի վերջում տեղի կունենա Հայկ Մելիքյանի` Դանիել Վարուժանի խոսքերի հիման վրա գրված «Բագինին արձագանքներ» չորս ձեռքի համար ստեղծագործության պրեմիերան:

Համերգային շրջագայությունից հետո երեւանյան ունկնդիրը Հայկ Մելիքյանին առիթ կունենա ունկնդրելու Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրային կոնցերտի կատարմամբ` մայիսի 17-ին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր` Ռուբեն Ասատրյան:

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի եւ քննադատների կողմից ճանաչված է որպես ժամանակակից երաժշտության լավագույն կատարողներից մեկը, ով իր վառ երեւակայությամբ եւ վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նրա միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000թ. Հռոմում` Concerto di Concerti 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային եւ Հարավային ամերիկաների բազում երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ