News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւան-Վան ուղիղ չվերթը դեռեւս չսկսված սառեցնելու մասին թուրքական իշխանությունների որոշումը մեծ արձագանք է գտել թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներում։

Թուրքական Sabah-ը նշել է, թե ապրիլի 3-ից սկսվելիք Վան-Երեւան ուղիղ չվերթը կաշխուժացնեին 2 երկրների միջեւ տուրիզմն ու առեւտուրը։ Պարբերականը գրել է նաեւ, որ չվերթն իրականացնող Borajet ավիաընկերության կայքում դեռեւս գոյություն ունի Վան-Երեւան ավիաչվերթի  տոմսերի ամրագրման ֆունկցիան։

Milliyet-ը գրել է, որ թեեւ տոմսերն արդեն վաճառվել էին, Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը սառեցրեց չվերթի իրականացումը։ «Տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարարության պատասխանատուները հաստատեցին, որ չվերթը սառեցվել է, սակայն պատճառների մասին ոչինչ չհայտնեցին»,-նշել է Milliyet-ը։

Yeni Şafak պարբերականն էլ նշել է, թե Վան-Երեւան չվերթին ժամեր էր մնացել, երբ հանկարծակի որոշում կայացվեց չեղյալ հայտարարել այն։ Պարբերականի փոխանցմամբ՝ այս որոշման հիմքում կարող են լինել Ադրբեջանից եկած խիստ արձագանքները։

Նշենք, որ Երեւան-Վան-Երեւան ուղիղ չվերթը պետք է սկսվեր ապրիլի 3-ից, սակայն թռիչքին օրեր էր մնացել, երբ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը առանց պատճառաբանության սառեցրել է չվերթի իրականացումը։

Չվերթի հայկական կողմի կազմակերպիչ «Նարեկավանք տուր» ընկերության տարածած հայտարարության մեջ նշվել էր, թե իրենք հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն եւ կվերանայեն իրենց որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ