News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարցազրույց Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի հետ:

Պրն Ոսկանյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռումինական տնտեսական կապերը:

Ռումինիան եւ Հայաստանը զորավոր դիվանագիտական կապեր ունեն: Ռումինիան առաջինն էր, որ 1991 թ. ճանաչեց Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքները: Եթե հաշվի չառնենք նախկին ԽՍՀՄ երկրները՝ Ռումինիան առաջին օտարերկրյա պետությունն էր, որ Հայաստանի հետ 1991 թ. դեկտեմբերին միջպետական պայմանագիր կնքեց: Արեւելյան Եվրոպայի երկրներից Ռումինիան առաջինը Հայաստանում բացեց դեսպանատուն: Դրանից հետո մենք ջանքեր գործադրեցինք, որ բոլոր անհրաժեշտ պայմանագրերը ստորագրվեն՝ տնտեսական, մշակութային, կամ այլ հարցերի վերաբերյալ; Այսպիսով՝ դիվանագիտական կապերը շատ լավ են: Սակայն տնտեսական կապերը չեն համապատասխանում պոտենցիալին; Առեւտուրը երկու երկրների միջեւ ընդամենը մի քանի միլիոն եվրո է, պետք է ջանք թափել՝ զարգացնելու կապերը:

Իսկ ի՞նչ քայլեր եք նախատեսում այդ ուղղությամբ:

Այդ նպատակով երեկ հանդիպեցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաեւ՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, որը պատասխանատու է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների համար; Ես որոշ քայլեր առաջարկեցի, օրինակ՝ հունիսին Երեւանում անցկացնել միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը (վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թ. հունվարին): Այդ առիթն օգտագործելով՝ կարելի է կազմակերպել տնտեսական ֆորում, որպեսզի հայտնի գործարարները հանդիպեն, երկխոսեն; Այնուհետ՝ կարելի է հայ ներդրողների համար տնտեսական ֆորում կազմակերպել Ռումինիայում: Մեծ ուշադրություն պետք է դարձնել զբոսաշրջության զարգացմանը՝ ռումինացի հավատացյաները կարող են Հայաստան այցելել; Ինչպես Երուսաղեմն իր նշանակությունն ունի, այնպես էլ Խոր Վիրապն իր նշանակությունն ունի, Խոր Վիրապը կարող է ուխտատեղի լինել ռումինացի հավատացյալների համար: Հայաստանցիների համար էլ, կարծում եմ, հետաքրքիր կլինի այցելել մի երկիր, որի հայ համայնքը հնագույնն է Եվրոպայում եւ մեծ ու արժեքավոր ժառանգություն ունի: Մեր մյուս նպատակն այն է, որ Ռումինիայի եւ Հայաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցություն լինի, կամ՝ ծովի միջոցով կարելի է կապ հաստատել; Այսօր Երեւան կարելի է գալ միայն Պրագայի, Վիեննայի կամ Վարշավայի միջոցով, բայց տնտեսական կապերի համար ուղիղ հաղորդակցությունը շատ կարեւոր է: Ռումինիան նաեւ շահագրգռված է ներմուծել հայկական տուֆ կամ այլ քարերը: Ռումինիան՝ որպես Եվրամիության անդամ, կարող է լոբբինգ անել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը շուտափույթ կնքելու համար, Ռումինիան պատրաստ է նաեւ երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագիր կնքել:

Այս բոլոր առաջարկություններն ընդունվեցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեց իր այցելությունը Ռումինիա եւ վերահաստատեց իր հրավերը մեր վարչապետին՝ այցելել Հայաստան:

Ռումինիան «Նաբուկո» ծրագրի մասնակից է: Արդյոք դա չի նշանակում, որ այս տարածաշրջանում Ռումինիան նախապատվություն է տալիս Ադրբեջանի հետ տնտեսական կապերի զարգացմանը:

«Նաբուկոն» խոչընդոտ չէ հայ-ռումինական կապերի համար, դրանք շատ ջերմ են եւ ավանդական: Չէի ցանկանա “Նաբուկոյի” խնդիրը քննարկել հայ-ռումինական միջպետական հարաբերությունների կոնտեքստում, այստեղ հակասություններ չկան: Իմ Հայաստան այցելելու կապակցությամբ կարող եմ ասել, որ արձագանքները շատ նպաստավոր են:

Դուք ծնվել եւ մեծացել եք Ռումինիայում, ու վերջերս հրապարակեցիք «Շշուկների մատյանը»: Ի՞նչը ձեզ ստիպեց վերադառնալ արմատներին:

Նման գիրքը պետք է սփյուռքահայը գրեր, որովհետեւ սփյուռքահայը ավելի լավ գիտի, թե ինչ է՞ նշանակում հայրենիքի կարոտը: Դուք այստեղ եք մեծացել, ձեզ մոտ այդ զգացողությունը չկա, դուք կարող եք ամեն պայծառ օր Արարատը տեսնել: Մեզ համար ավելի դժվար է, ու “Շշուկների մատյանի” մեջ այդ կարոտն ամեն էջի վրա կա: Մեկ այլ տեսանկյունից նայենք՝ բոլորս մի հայրենիքի մեջ ենք ապրում, նկատի ունենալով մեր մելամաղձոտությունը, զոհերը, ապագայի նպատակները: Մեր հողային հայրենիքը Հայաստանն է, բայց մենք մի ուրիշ մեծ հայրենիք ունենք, որտեղ բոլորս միասին ենք: Այդ պատճառով ոչ մի տարբերություն չեմ դնում սփյուռքահայի, ղարաբաղցու եւ հայաստանցու միջեւ:

Դուք առաջին անգամը չէ, որ Հայաստանում եք: Փոփոխություններ նկատո՞ւմ եք:

Երեւանը շատ է փոխվել: Բայց Երեւանի եւ գյուղերի միջեւ տարբերությունները մեծ են: Իսկ Երեւանն ավելի լուսավոր է դարձել, նկատեցի, որ մարդիկ շատ են այցելում ռեստորաններ ու սրճարաններ: Օդանավակայանն իսկապես շատ գեղեցիկ է՝ համեմատելու չէ 1991 թ. օդանավակայանի հետ, երբ առաջին անգամ եկա Երեւան՝ մութ ու փոքր օդանավակայան էր: 

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ