News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի ոլորաններում տիրում է վթարաստեղծ իրավիճակ, ինչն էլ հարուցել է ճանապարհով երթեւեկող վարորդների Դժգոհությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, շուրջ մեկ ամիս առաջ ճանապարհաշինարարները քանդել են ճանապարհը՝փոսալցման աշխատանքներ իրականացնելու նպատակով եւ այսքան ժամանակ ճանապարհը գտնվում է քանդված վիճակում, ստեղծելով վթարային իրավիճակ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում վարորդները արդարացիորեն դժգոհել են, որ ճանշինների «լավ» աշխատանքի պատճառով իրենք մի օր ձորն են գլորվելու, սակայն մինչ դա կլինի, իրենք ստիպված են ամեն օր ջարդել մեքենան՝ մեկ ամիս շարունակ քարուքանդ եղած ճանապարհների պատճառով: «Ճամփեքը սաղ քանդել են, երկկողմանի ճանապարհ է, գոնե մի կողմը քանդեին սարքեին, հետո անցնեին մյուսին, բայց ճանապարհը ողջ լայնությամբ քանդված է, մարդ չգիտի ղեկը որ կողմ թեքի, որ մեքենան փոսում չմնա»,-նշել են նրանք:

Վթարային իրավիճակն ավելի է սրվում հատկապես եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, մասնավորապես երբ տեսանելիությունը մառախուղի պատճառով շատ փոքր է եւ մեծ է մեքենաների միմյանց բախվելու կամ միանգամից ձորն ընկնելու վտանգը: Վարորդների զայրույթը տեղին է, քանի որ Լոռիում կարծես թե ձեւավորված «ավանդույթ կա», ճանապարհը ամբողջությամբ քանդել հետո նոր նորոգել, իսկ մինչ այդ վարորդները ստիպված են ամեն օր այցելել մեքենա նորոգողների մոտ:

Նյութի օբյեկտիվությունը պահելու համար հարկ է նշել, որ վերջին օրերին Լոռիի մարզում տեղումները չեն դադարում, ինչն էլ հավանաբար փոսալցման աշխատանքների դադարեցման պատճառն է, սակայն վարորդները հույս ունեն, որ եղանակները բացվելուն պես պատասխանատուները կապահովեն իրենց համար այդքան սպասված անվտանգ երթեւեկությունը:

Լուսանկարներն ու տեսանյութն՝ Էդվարդ Արզումանյանի

 

Տպել
Ամենաշատ