News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ` ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով: Այս մասին հաղորդում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը», հավելելով, որ նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները եւ բացատրությունները:

«Հարկ է հիշեցնել, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին ԹԻՀԿ-ն, հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թ. հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված «Մենքումերոնքով աշխատում են» եւ «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ «վերահսկվող» ձեռնարկատիրական գործունեությանը: Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր:

Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների` պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաեւ այլ ընկերություններ, ինչպես օրինակ, ««Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում եւ արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը եւ այլն»:

ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա՞ է արդյոք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման եւ միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյոք պաշտոնական դիրքը եւ լիազորությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Տպել
Ամենաշատ