News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն արձագանքել է ԱԳ նախկին նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավարող Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը, ով նշել էր, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհն է:

Աշոտյանը, մասնավորապես, գրել է.

«Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում: Եվ Օսկանյանի կարծիքը, թեպետ անձնական է, այնունամենայնիվ տեղավորվում է նաեւ ներկուսակցական քննարկումների համատեքստում: Սակայն Վարդան Օսկանյանի այսօրվա գրառումը կրկին մի շարք հարցեր է առաջացրել:

1. Ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, եթե`

ա. Իշխանությունները ձեւավորվել են համապետական ընտրությունների արդյունքում, այնպես, ինչպես ցանկացել է ընտրողը:

բ. ՀՀ կառավարությունը կոալիցիոն է, բաղկացած երկու կուսակցություններից

գ. ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը 53 է. շատ ավելին, քան նախորդ գումարման խորհրդարանում

դ. Նույն ԲՀԿ-ն ունի քաղաքապետեր Գյումրիում, Սիսիանում, Իջեւանում, Եղեգնաձորում, Նոր Հաճընում, Աբովյանում, Բյուրեղավանում, չհաշված մոտ հարյուր գյուղապետեր

2. Հայաստանի իշխանություններն իրականում շահագրգիռ լինելով ուժեղ ընդդիմության կայացման գործում, որքանո՞վ պետք է արհեստականորեն ստեղծեն այդպիսին կամ ուղղորդեն նման զարգացումներ:

3. Քանի՞ հոգի կմնա ԲՀԿ խմբակցությունում, եթե Օսկանյանի տեսակետը ԲՀԿ-ի ներսում դառնա որոշիչ:

4.Եվ ամենակարեւորը, ինչո՞ւ ընդդիմադիր կուսակցություն դառնալու ցանկությունը չհայտնվեց եւ չիրականացվեց այս տարվա փետրվարին, երբ նման հնարավորություն կար: Կամ ինչու դա չանել մինչեւ սեպտեմբեր, թեկուզ հրապարակային հայտարարության մակարդակով, մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջանը:

Հ.Գ. Ասեմ նաեւ, որ Օսկանյանի այսօրվա գրառումը նաեւ ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երեւանի ավագանու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցվածք որդեգրած եւ սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համարը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ:

Հետեւաբար ընդդիմադիր ընտրողներին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանական գրառումով ձախողվում է եւ ավելանում է իրական ընդդիմադիր կուսակցությունների հաջողության հավանականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ