News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայում, ապրիլի 20-ին, Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշ-միջոցառումների շարքը մեկնարկել են Բեռլինի Հայկական դպրոցի սաները Բեռլինի Կայսեր Վիլհելմի անվան Հիշատակի եկեղեցու մատուռում՝ «Կոչե’մ ապրողաց» խորագրով:

Վերջին 10 տարիներին արտերկրում ապրելով բազմիցս եմ մասնակցել ապրիլ 24-յան հիշատակի երեկոներին, սակայն այս անգամ ցեղասպանության ցավը վերապրելու հետ միասին ներքին պայքարի ուժ ու հավատի նոր լիցք հաղորդեցին դպրոցի սաներն՝ իրենց ասմունքով եւ երգով շաղախված հուզիչ ելույթներով: Խորհրդանշական էր այն, որ միջոցառումը սկսվեց ՀՀ պետական հիմնով: Հնգամյա Հասմիկն իր անթերի եւ զրնգուն ձայնով ոտքի էր հանել ներկաներ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Արքեպիսկոպոս Բեկճեանին, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանին, Բեռլինի Մշակութային Միության ատենապետ Վարդգես Ալյանակին, Բեռլինի Եկեղեցական եւ Մշակութային Միության վարչության անդամներին, ծնողներին եւ ավելի քան 70 հանդիսատես հյուրերին՝ կատարելով նոր եւ վերածնված Հայաստանի հիմնը: Փոքրիկի կատարմամբ հիմնը անսահման հուզիչ էր, բայց եւ ապրեցնող, հուսադրող եւ պայքար ներշնչող: Սա ապրողաց ձայնն էր՝ եղեռնից մոտ մեկ դար հետո փոքրիկ «Մայր Հայաստանի» խորհրդանշով: Այնուհետեւ բացման խոսք հնչեցնելով՝ դպրոցի հիմնադիր եւ տնօրեն Միքայել Մինասյանը երեկոյի մեկնարկը տվեց՝ բեմ հրավիրելով դպրոցի 25 աշակերտ-աշակերտուհիներին:

Երեխաների կատարմամբ սահուն կերպով իրար հաջորդում էին Սեւակյան «Անլռելի Զանգակատուն» պոեմից հատվածներ: Այն մեջընդմեջ ընդահտվում էր՝ տեղը զիջելով երգեցողության ուսուցիչ բեռլինաբնակ Արտակ Կիրակոսյանի խմբավարմամբ կատարումներին: Վերջինիս շատ հուզիչ եւ հոգեկսկիծ կատարմամբ հանդիսատեսները ունկնդրեցին «Քելե լաո» երգը: Եղեռնը բնութագրող Սեւակյան անգերազանցելի խոսքին հաջորդեց ապրողաց կոչը «Սարդարապատ» երգի կատարմամբ: Երեկոյի գրական-երաժշտական մասն ավարտելով՝ սաները կազմեցին կիսաշրջան, ուս-ուսի տված, բռունցքներն օդ պարզած, միավորման եւ պայքարի կոչ արեցին ներկաներին եւ ողջ հայությանը: Դժվար չէր նկատել հայերենի ուսուցիչ եւ երեկոյի կազմակերպիչ Էդգար Զոհրաբյանի գոհունակ ժպիտը, ով համահեղինակն էր այս երեկոյի գրական մասի կազմակերպմանը:

Ապա ելույթ ունեցավ Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս դր. Ժիրայր Քոչարյանը՝ շեշտելով ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Վերջում իր աղոթքով հոգեհանգստի տուրք մատուցեց Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Արքեպիսկոպոս Բեկճեան եւ երեկոն եզրափակեցին համընդհանուր «Հայր մեր» աղոթքով:

Տպել
Ամենաշատ