News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ժամանակն սպառվում է. նորգաղութային թելադրանքով գործող վարչախմբի հանցավոր գործունեության հետեւանքով մեր երկիրն ու ժողովուրդը հյուծվում եւ ուժասպառ են լինում: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մոտալուտ արհավիրքը կանխելու նպատակով ժողովուրդը, ներքին իմաստնությամբ գիտակցելով հանդերձ, որ իր քվեն կեղծվելու է եւ հանցավոր վարչախմբի պարագլուխը նորգաղութարար տերերի հովանավորությամբ դարձյալ բազմելու է նախագահի աթոռին, այնուամենայնիվ որոշեց օգտագործել փետրվարի 18-ի նախագահական չընտրությունների առիթը:

Իր ձայնը քաղաքական նոր մշակույթի կրող եւ երկիրը համակարգային փոփոխության տանելու հույսեր ներշնչող թեկնածուի օգտին տալու քայլ կատարելով, ժողովուրդը ոչ միայն ահազանգեց վերահաս աղետի մասին, որ երկիրը չի կարող եւս հինգ տարի սպասել եւ որ մի քանի տարի անց այլեւս վերականգնման ռեսուրսներ չի ունենա, այլեւ ցույց տվեց ինքնակազմակերպման եւ ազգային-ազատագրական պայքար մղելու իր պատրաստակամությունը՝ երկրի ճակատագրով մտահոգ լինելու հավակնություն ներկայացնող քաղաքական շրջանակներից եւ անհատներից ակնկալելով հստակ տեսլական, ծրագիր եւ քաղաքական առաջնորդություն:

Սակայն պայքարի այս պատրաստակամությունը համարժեք ուշադրության չարժանացավ: Ընդդիմադիր քաղաքական դասը չարձագանքեց ժողովրդի ընդվզմանն ու պատգամին, այլ շարունակեց մնալ թմբիրի մեջ եւ հայրենակործան համակարգից ներս հատվածական շահեր հետապնդել, ինչի հետեւանքով առաջացած քաղաքական ամայությունը հանգեցրեց եղեռնական արտագաղթի տեմպերի ահագնացման եւ դրա տրամադրությունների օրեցօր խորացման:

Հայաստանին այս օրհասական վիճակից հնարավոր է հանել միայն նրա ազգային եւ քաղաքացիական բոլոր ռեսուրսներն ու ուժերն անհապաղ զորաշարժի ենթարկելու եւ հայ մարդուն ու Հայաստանի քաղաքացուն արժանի նոր որակի պետության տեսլականի ու դրա իրականացման ծրագրի շուրջ համախմբելու միջոցով:

Նախախորհրդարանը, գիտակցելով երկիրը գահավեժ ընթացքից հանելու հրամայականը եւ հաշվի առնելով նոր որակի պետության ձեւավորման ու զարգացման իր ծրագրի առկայությունը, ստանձնում է ազգային-ազատագրական պայքարը մեկնարկելու նախաձեռնությունը:

Նախախորհրդարանը պատրաստ է համագործակցելու բոլոր առողջ ուժերի հետ՝ մակաբույծ համակարգից դուրս ժողովրդական շարժում ծավալելու եւ այդ համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային կառավարման մարմիններ ձեւավորելու ու լեգիտիմացնելու միջոցով անցնցում իշխանափոխություն իրականացնելու եւ նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագիրն իրագործելու նպատակով: 

Այդ ճանապարհի առաջին քայլերն անելու համար Նախախորհրդարանը մայիսի 9-ին՝ Գյումրիում (վայրն ու ժամը կհայտնվեն լրացուցիչ) եւ մայիսի 17-ին, ժամը 19-ին՝ Երեւանի Ազատության հրապարակում հրավիրում է կազմակերպական հանրահավաքներ, որտեղ կներկայացնի նոր որակի հայկական պետության կայացման իր ծրագրի հիմնադրույթներն ու ճանապարհը, ինչպես նաեւ ժողովրդին կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը»:

Տպել
Ամենաշատ