News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերություններն այս փուլում գերազանց են: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Քոլին Ռոբերթսը:

«Մեր երկրների միջեւ հարաբերությունները շնորհիվ մեր դեսպանների շատ լավ են: Սակայն մենք ընդլայնում ենք երկկողմ համագործակցությունը, որպեսզի հնարավոր լինի նոր հարցերի անդրադառնալ, մասնավորապես, մենք աշխատում ենք տնտեսական զարգացման, բիզնեսի եւ ներդրումների ուղղությամբ»,- նշել է Ռոբերթսը:

Դիվանագետի խոսքով՝ օրակարգում է նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հարցը: «Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի հարաբերություններն աճում եւ զարգանում են: Երկու երկրների միջեւ բարձրաստիճան հանդիպումներմ ավելանում են»,- ընդգծել է նա:

Հարցին, թե ըստ նրա ե՞րբ հայ-բրիտանական հարաբերությունները կհասնեն Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարաբերությունների մակարդակին, Քոլին Ռոբերթսը դիվանագիտորեն նկատել է, որ «հնարավոր է, որ դրանք արդեն հասել են դրան», եւ հավելել է, որ իրենք «նման համեմատություն չեն կատարում»:

Թեեւ բրիտանացի դիվանագետը Հայաստանում ընդամենը մի քանի ժամ է գտնվել, նա ընդգծել է, որ «Հայաստանում ինչ-որ արտասովոր բան կա»: «Երկիրն ինչ-որ յուրահատուկ է, այստեղ այնպես չէ, ինչպես ամեն տեղ: Այստեղ շատ հետաքրքիր է: Սա մի օրինակ է, թե ինչու է Հայաստանը շատ լավ դիտվում Եվրոպայում եւ Եվրոպական Միությունում, քանի որ ԵՄ-ն բաղկացած է բազում յուրահատուկ պետություններից»,-ասել է նա:

Քոլին Ռոբերթսը Հայաստան է ժամանել ապրիլի 25-ին, աշխատանքային այցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ