News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ս.թ. մարտի 20-ից Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայնը» առաջին և այժմ միակ ռադիոկայանն է աշխարհում, որի գոյության կոչումը, հիրավի, պատմական իրադարձություն է ոչ միայն թալիշ ժողովրդի, այլև ամբողջ տարածաշրջանի ու, մանավանդ, պետականազուրկ էթնիկ միավորների համար: Սա նաև, անշուշտ, հայ հասարակական-քաղաքական մտքի հասունության առհավատչյան է, մեր ժողովդի հումանիստական դարավոր ավանդույթների շարունակականության վառ վկայությունը: Այս և հարակից այլ հարցերի շուրջ մեր թղթակիցը զրուցել է հայտնի արեւելագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր  հետ:

Պրն. Ասատրյան, վերջերս «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի առնչությամբ տված հարցազրույցներում դուք մասնավորապես անդրադարձել էիք հայ հասարակական-քաղաքական մտքին և տվել բարձր գնահատական` հակառակ նրան, որ սովորաբար այլ կարծիք է մեզանում գերիշխում:

Հասարակական-քաղաքական միտքը չպետք է շփոթել դիվանագիտության հետ` չնայած այդ երկուսը սերտորեն կապված են իրար: Այո, դիվանագիտության անդաստանում մենք մեծ հաղթանակներ չենք արձանագրել մեր պատմության ընթացքում, բայց քաղաքական միտքը միշտ էլ մեզանում բարձրության վրա է գտնվել, թող որ այդ մտքի կրողները տևապես եղել են ստվերում և էական դեր չեն կարողացել խաղալ հայ ժողովրդի պատմության վճռորոշ դրվագներում: Այո, «Թալիշստանի ձայնի» ստեղծումը, հիրավի, այդ մտքի կենսունակության ցցուն վկայությունն է` թեկուզ մասնավոր մի նախաձեռնության մակարդակով: Գիտեք, ես միշտ հեռու եմ եղել ազգային սնապարծությունից, բայց չեմ կարող չխոստովանել, որ մենք իմաստուն ժողովուրդ ենք` իհարկե, առավելապես անհատների կտրվածքով: Որպես հանրույթ, սակայն, իմաստնությունը շատ հաճախ իր տեղը զիջում է անխոհեմությանը` մեղմ ասած: Կարծում եմ, սա պայմանավորված է նրանով, որ մեր հասարակությունը չունի, չի մշակել Մտքի կիրարկման մեխանիզմներ, մնացել է վերբալ, կենացային, զուտ խոսքի մակարդակում, իսկ գործը դարձել է միայն վիրտուալ հասկացություն: Խոսքի և գործի երկմիասնությունը մեզանում ոչ միայն չի կայանում, այլև առհասարակ չի ընկալվում. խոսքը դարձել է գործի մի տեսակ սուբստիտուտը` այն, ըստ էության, դարձել է գործ: Հավատացեք, ոչ մի երկրում, անգամ Վրաստանում, այդքան դատարկ հայրենասիրական ճառեր ու կենացներ սեղանի շուրջ չեն հնչում, որքան Հայաստանում: Եվ ոչ մի ժողովուրդ այդպես նպատակասլաց ու թափով չի լքում իր հայրենիքը, իր կենսատարածքները, ինչպես հայերը: Տնտեսական պայմաններն այստեղ մեծ դեր չունեն. դրանք երկրորդական նշանակության գործոն են լոկ: Բոլոր հայերն էլ` անգամ գրից ու գրականությունից հեռու մարդիկ, ունեն ազգային շահի, ազգային խնդիրների սուր զգացողություն ու խոր ընկալում: Հարցրեք հասարակ գյուղացուց ազգային անվտանգության ու երկրի կայացման առաջնայնությունների մասին: Նա անպայման կնշի Երևան-Մեղրի երկաթգծի ու մայրուղու կառուցումը, Ռուսաստանի և Իրանի հետ մեր կապերի ամրապնդման կարևորությունը, այնուհետև կանդրադառնա բանակի հզորացման խնդիրներին, հետո կխոսի մեր մշակույթից ու լեզվից և այլն: Սակայն, ցավոք, կպարզվի հետո, որ հենց այս մարդու զավակներից մեկը Հոլանդիայում է` ճամբարում սպասելով բնակության իրավունքի, մյուսը` Գլենդելում կամ Ռուսաստանում, ինքն էլ երազում է ծախել իր պապերի տունն ու տեղը, հարուստ ու մշակված այգին ու միանալ նրանց: Ցավոք, մեզանում չկա հայրենական տան, հողի, պապերի գերեզմանների պաշտամունք: Կապվածությունը հողին, կենսատարածքին գործնականում իսպառ բացակայում է հայերիս մոտ: Սա ավելի քան տխուր իրողություն է...

Խոսենք այլ տեսանկյունից։

Ահա մի այդպիսի դրվագ, որը բխում է հենց մեր թեմայից: Մի երկու օր առաջ իմ աշխատակիցներից մեկը հրճվանքով պատմում էր, թե ինչպես ճանապարհին տաքսու վարորդը` տեղեկանալով, որ նա համալսարան է գալիս, հարցրել է իրեն` «Էդ իրանագիտության ամբիոն ասածը ի՞նչ է և ո՞վ է Ասատրյանը» ու հետո` բավարարելով իր հետաքրքրասիրությունը, ավելացրել է` «Խնդրում եմ հաղորդեք Ասատրյանին, որ դուք ազգային մեծ գործ եք անում, ես միշտ մտածել եմ, որ մեզ թալիշական ռադիո է պետք, մենք պետք է օգնենք մեր հարևաններին, նպաստենք նրանց մշակույթի զարգացմանն ու ինքնության կայացմանը և այլն…»: Ուշադրություն դարձրեք, հասարակ տաքսու վարորդը «միշտ մտածել է, որ մեզ թալիշական ռադիո է պետք»` օգնելու հարևաններին, և որ դա «ազգային մեծ գործ է»: Ո՞ր ժողովուրդն ունի այսպիսի գիտակից քաղաքացիներ, որոնք այսպես շահագրգիռ դիրքորոշում ունեն ազգային ծրագրերի հանդեպ, ու ավելին` գլուխ են հանում այդ ծրագրերից:

Դուք, փաստորեն, հավասարության նշան եք դնում «Թալիշստանի ձայնի» ու Երևան-Մեղրիի երկաթգծի միջև` որպես ազգային համարժեք ծրագրերի:

Ես, իհարկե, դա չէի ուզում ասել, բայց, որ հարցնում եք, պատասխանեմ: Այո, ես գտնում եմ, որ այս գործը` որպես ազգային նախագիծ ոչ մի բանով չի զիջում այլ լայնամասշտաբ ծրագրերին, այդ թվում հենց Հայաստան-Իրան երկաթգծի ու մայրուղու հիրավի կարևոր պրոյեկտին: Մի տարբերությամբ, թերևս, որ ռադիոկայանն արդեն իրականություն է:

Ինչո՞վ է կարևոր այդ ծրագիրը:

 Նախ և առաջ, տաքսիստի խոսքերով ասած` թալիշ ժողովրդի մշակույթի զարգացմանն ու թալիշների ազգային ինքնության կայացմանը բերած իր նպաստով, որը չի կարող չանդադառնալ նրանց ճակատագրում: Ինքնության բյուրեղացումը, ազգային ինքնագիտակցության աճը որոշակիորեն խոչընդոտելու են ճնշման ու հետապնդումների գործընթացները, որոնք այսօր համատարած են Ադրբեջանի թալիշաբնակ տարածքներում: Մի՞թե գոյություն ունի ավելի մեծ գործ, քան պապերի թողած բարոյական ավանդի շարունակությունն ու զարգացումը, մարդասիրության ու հումանիզմի իրական մարմնավորումը: Բացի այդ, թալիշական ռադիոն արմատապես ազդելու է հայ-թալիշական փոխհարաբերույունների վրա` դարձնելով դրանք բարեկամական ու հարգալից: Այսօր իսկ, երբ ընդամենը մեկ ամիս է անցել ռադիոյի առաջին հեռարձակումից, դա հստակ երևում է: Մեր նպատակն է սերմանել բարեկամություն և փոխըմբռնում: Մեր հաղորդումները իսպառ զերծ են քաղաքական քարոզչությունից, թշնամանքի կոչերից, Ադրբեջանում ներէթնիկ հակասություններ սերմանելուց, ադրբեջանցիների հասցեին որևէ թթու խոսքից և այլն: Մենք միայն ու միայն մշակույթ ենք քարոզում ու բարեկամություն և ուրիշ ոչինչ: Այս փաստը ընդունում են բոլոր օբյեկտիվ դիտորդները և դրվատում են մեզ դրա համար: «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը իսկապես էլ հայ ժողովրդի հումանիստական ավանդույթների լավագույն արտահայտությունն է, ավանդույթներ, որոնց հիմքը դրվել է դեռևս 5-րդ դարում հայ գրի ու գրչության արշալույսին:

Իսկ ինչպե՞ս ընդունեցին ռադիոն իրենք` թալիշները:

Խանդավառությամբ: Իհարկե, որոշ շրջաններ սկզբում փոքր-ինչ զգուշավորություն էին դրսևորում, բայց հետո ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր: Չափազանցություն չընդունեք խոսքերս, բայց պետք է ասեմ, որ Թալիշստանի անխտիր բոլոր ծայրերից, մանավանդ մայրաքաղաք Լանքոնից (Լենքորան), Լիքից (Լերիկ), Վարգադիզից (Յարդըմլի), Մասալոնից (Մասալլի) ու այլ խոշոր բնակավայրեից օրնիբուն նամակներ ենք ստանում` դրվատանքով ու սիրով լեցուն: Անգամ Բաքվից, Սումգաիթից ու Գանջայից թալիշներն առանց վարանելու գրում են մեզ, ուղարկում իրենց նյութերը` սեփական արտասանությամբ, որոնք մենք եթեր ենք տալիս: Հատկանշական է թալիշ ժողովրդի ակսակալների խորհրդի կոչը թալիշներին` «Թալիշստանի ձայնը» համարելու իրենց ձայնը: Այդ կոչը նրանց խնդրանքով մենք հեռարձակեցինք, և այն լայն արձագանք ունեցավ: Էլ չեմ խոսում Ռուսաստանում, Եվրոպայում և այլ երկրներում ապրող թալիշների մասին, որոնք մեզ բառացիորեն «ռմբակոծում» են իրենց նամակներով ու տարբեր ժանրի ստեղծագործություններով, որոնց մեծ մասը վերստին եթեր է արձակվում: Թալիշ քաղաքական գործիչներն ու մտավորականության ներկայացուցիչները, ինչպես Ֆախրեդդին Աբոսզոդեն, Ռուստամ Իսկանդարովը, Զախիրիդդինը և այլոք պարբերաբար հանդես են գալիս մամուլում` կոչ անելով ունկնդրել «Թալիշստանի ձայնը»: Ստեղծվել է մի մեծ շաժում ամբողջ թալիշական հանրույթի շրջանում` հյուսիսից հարավ և ի սփյուռս աշխարհի, որը կոչվում է «Թոլիշստթոնի սադո չըմա սադոյե», այսինքն` «Թալիշստանի ձայնը» մեր ձայնն է: Մեծ թափ է ստացել ներթալիշական դիսկուրսը, մարդիկ վիճում են, քննարկում ռադիոյի այս կամ այն հաղորդումը, ժողովներ են կազմակերպում, հոդվածներ գրում, ելույթներ ունենում… Այս ընթացքում, դուք գիտեք հավանաբար, թալիշական ռադիոյի պատճառով տեղի ունեցավ նույնիսկ իրանա-ադրբեջանական մեծ սկանդալ, որը դեռևս շարունակվում է: Ադրբեջանցիները մեղադրում են Իրանին` իբր ռադիոյի գործում մասնակցություն ունենալու համար: Այնինչ, Աստված է վկա, իրանցիները որևէ դեր այս հարցում չեն ունեցել: Ավելին, Իրանում` ինչքան էլ զարմանալի թվա, գոյություն չունի անգամ այս երևույթի տեսլականը. ադրբեջանցիները առավոտից իրիկուն տարբեր հեռուստա-ռադիոալիքներով անջատողական գաղափարներ են սփռում Իրանի հյուսիս-արևմյան տարածքի թյուրքալեզու բնակչության շրջանում, իսկ պարսիկները լռում են: Սակայն վերադառնամ թալիշներին: Անհավատալի է, բայց փաստ. «Թալիշստանի ձայնի» բոլոր թողարկումները, որոնք նաև կայքերում ու յութուբում տասնյակ հազարավոր դիտում են արձանագրում, ձայնասկավառակերով տարածվում ու ձեռքից ձեռք են անցնում: Ասում են, հատկապես թալիշ արտագնա վարորդների շրջանում այդ սկավառակները, որոնց մի մասը որպես օրենք երգ-երաժշտություն է պաունակում, լայն ժողովրդականություն են վայելում:

Ապշեցուցիչ է, մի ամսվա ընթացքում այսպիսի ընդունելությո՞ւն: 

Այո, նման ընդունելությունը ինձ համար նույնիսկ անսպասելի էր, սակայն դա բացատրելի է. ժողովուրդն առաջին անգամ իր լեզվով, իրեն նվիրված եթերով հաղորդումներ է լսում, առաջին անգամ նրա մշակույթն ու պատմությունը իր լեզվով քննարկման առարկա են դառնում, առաջին անգամ իր մասին` որպես ուրույն ցեղի, որպես առանձին էթնիկ միավորի, օբյեկտիվ տեղեկություն է սանում: Ու սա, կարծում եմ, միանգամայն բնական է: Առավել ևս` վստահ եմ, երևույթն ավելի է խորանալու, «Թալիշստանի ձայնը» անպայման դառնալու է համայն թալիշ ժողովրդի իղձերի ու երազների կիզակետը: Նշեմ նաև, որ Երևանը հետզհետե դառնալու է թալիշական մշակույթի, թալիշ մտավորական ու հասարակական-քաղաքական մտքի խմորումների, այսինքն Ազգային Գաղափարի ձևավորման կենտրոնը: Դույզն իսկ կասկած չունեմ դրանում:

Եվ Դուք դա բնակա՞ն եք համարում: ինչո՞ւ նման զարգացումների ու մտավոր խմորումների կենտրոն չի կարող դառնալ հենց Թալիշստանը:

Որովհետև Ադրբեջանում դա ուղղակի հնարավոր չէ: Բայց ժողովուրդը կոնսոլիդացվում է, բյուրեղանում է նրա ինքնությունը… Հապա որտե՞ղ, եթե ոչ Հայաստանում պետք է տեղի ունենան այդ գործընթացները: Հարևան և չեզոք մի երկիր` մոտ մշակույթով ու գենետիկ կապերով ու, իհարկե, հզոր գիտական ու մտավոր ներուժով: Բայց չպետք է կասկածել, որ թալիշական ազգային գաղափարական զարգացումները անպայման թափանցելու են երկիր, այսինքն` Թալիշստան` Հայաստանից ավելի շուտ, քան Բելառուսից կամ Ռուսաստանից, որտեղ առայժմ տեղակայված են թալիշների մտավոր կենտրոնները:

 (շարունակելի)

 

Տպել
Ամենաշատ