News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանը Հայաստանի ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հայտարարում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը:

Հայոց ցեղասպանության շուրջ օրեցօր ավելացող մարտահրավերներն առավել պահանջված է դարձնում մեզանում խնդրո առարկային տիրապետող, բանիմաց մասնագետների հարցը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ հայ կրթօջախների համար այս խնդիրն առավել քան կարեւոր է դառնում:

Ուստի ԵՊՀ-ի եւ  ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կիրականացվի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:

Մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Մագիստրոսական ուսումնառության ուղղությունները կկազմեն Հայոց ցեղասպանության պատմագիտական, սոցիոհոգեբանական, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության, լեզվագիտական ոլորտների համատեքստում առկա հիմնախնդիրները:

Ծրագրի շրջանակներում կդասավանդեն ոլորտի առաջատար մասնագետները, հնարավորություն կընձեռվի նաեւ արտերկրից հրավիրված դասախոսների  ներգրավումը ուսումնական գործընթացի մեջ:

Սույն թվականի մայիսից մեկնարկում է մագիստրատուրայի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ոչ միայն  ԵՊՀ-ի, այլ նաեւ ՀՀ եւ ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ